‘Սիրիայում սպանվել են 100-ից ավելի աֆղանստանցի ահաբեկիչներ ‘

958

Սիրիական իշխանությունները հայտարարել են, որ Հալեպ քաղաքում ոչնչացրել են ավելի քան 100 աֆղանստանցի ահաբեկիչների: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հաղորդել է SANA պետական գործակալությունը: Կառավարական զորքերը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մի քանի օր շարունակ ռազմական գործողություններ են անցկացրել, որի ընթացքում ոչնչացրել են առնվազն 100 ահաբեկիչների, ինչպես նաև 15 ավտոմեքենա, որոնց վրա գնդացիրներ են տեղադրված եղել: Բացի այդ՝ հարյուրավոր ահաբեկիչներ էլ ձերբակալվել են Դամասկոսում:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Դամասկոսի մերձակայքում վայր է ընկել սիրիական բանակին պատկանող մի ուղղաթիռ: Պետական ԶԼՄ-ները վթարի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում, մինչդեռ իրավապաշտպանները պնդում են, որ ուղղաթիռը խփվել է ապստամբների կողմից:

18 ամիս առաջ նախագահ Բաշար ալ Ասադի և ընդդիմության զորքերի միջև զինված ընդհարումները 2012 թ. ամռանը վերաճեցին լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Ամենաակտիվ մարտերն ընթանում են Դամասկոսի և Հալեպի արվարձաններում: Ընդ որում՝ սիրիական պետական ԶԼՄ-ները գրում են, թե սիրիական բանակը կռվում է ահաբեկիչների դեմ, որոնց մեծ մասը, իբր, երկիր է թափանցում արտասահմանից:

Ավելի ուշ Reuters-ը, հղում անելով պետական հեռուստաընկերություններին, հաղորդեց, որ Դամասկոսի արվարձանում վթարի ենթարկված ռազմական ուղղաթիռը բախվել է քաղաքացիական մարդատար ինքնաթիռի, որն, այնուամենայնիվ, կարողացել է վայրէջք կատարել Դամասկոսի օդանավակայանում: Ինքնաթիռի 200 ուղևորներից ոչ մեկը չի տուժել, պետական հեռուստատեսությամբ հայտնել է Սիրիայի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ ուղղաթիռը դիպել է ինքնաթիռի պոչամասին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘$2 մլն տեսագրության համար ‘