‘
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը, հանդես գալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, որ «ավելի քան 83 երկրներից եկած ահաբեկիչները» իր հայրենիքում սպանում են զինվորականներին և խաղաղ բնակչությանը: Նա այդ «ներխուժումը» համեմատել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի վրա կատարված հարձակման հետ: «Սիրիայում ոչ մի քաղաքացիական պատերազմ էլ չկա, այլ կա պատերազմ ոչ մի արժեք չճանաչող, արդարությունը չընդունող և իրավունքներն ու օրենքի ցանկացած նորմն արհամարհող ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Վալիդ Մուալեմը: Նախարարը նաև հայտարարել է, որ ապստամբ ահաբեկիչները քիմիական զենք ունեն: Մուալեմը մեղադրել է նաև որոշ «հայտնի երկրների», որոնք առհասարակ ագրեսիվ քաղաքականություն են վարում, այդ թվում՝ նաև Սիրիայի դեմ: «Քաղաքական երեսպաշտությունն արդեն հասել է պետությունների ներքին գործերին միջամտելու աստիճանի՝ մարդասիրական կամ պաշտպանության պատրվակներով: Երբ նման ագրեսիվ քաղաքականությունը չի աշխատում որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Սիրիայում, ապա այդ «հայտնի պետությունները» ցույց են տալիս իրենց իրական դեմքը և սպառնում աղաղակող ռազմական ագրեսիա իրականացնել՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի»,- ասել է Մուալեմը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘