‘
Սիրիացի ինժեներ-քիմիկոսները ձեռնամուխ են եղել մարտական կիրառության նախապատրաստել մարտական թունավոր նյութեր, գրում է The Wired-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին: Այդ տեղեկատվության համաձայն՝ խոսքը զարինի մասին է, որն անհոտ և անգույն, ուժեղ նյարդա-կաթվածային թունավոր նյութ է: Արևմտյան փորձագետների գնահատականներով՝ սիրիացի մասնագետները կարող են պատրաստել մոտավորապես 250 տոննա զարին, սակայն առայժմ միայն «աննշան» քանակություն է պատրաստվում: The Wired-ի աղբյուրը հայտնել է, թե ամերիկյան ղեկավարությունն առայժմ միայն կարող է գուշակել, թե ինչի հետ են կապված այդ նախապատրաստությունները, ինչպես նաև՝ Սիրիայի տարածքով արկերի և քիմիական մարտագլխիկներով հրթիռների տեղաշարժը: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել են Դամասկոսին, որ ԶՈԶ-ի կիրառումն անթույլատրելի է քաղաքացիական պատերազմի ընթացքում: Նույնպիսի հայտարարություն է արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որն սպառնացել է դաշինքի «անհապաղ արձագանքով» պատասխանել Սիրիային, եթե նա համարձակվի քիմիական զենք կիրառել:
Ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտարարել էին, թե ոչ մի դեպքում ԶՈԶ չեն կիրառի սեփական ժողովրդի դեմ, սակայն նման հնարավորությունը չէին բացառել «արտասահմանյան ագրեսիայի» դեպքում: Ըստ սիրիական պաշտոնական ԶԼՄ-ների՝ վարչակարգը պայքար է մղում ոչ թե իր համաքաղաքացիների, այլ հենց «արտասահմանյան ահաբեկիչների» դեմ, որոնց օգնում են Թուրքիան, Քաթարը, ԱՄՆ-ը և Իսրայելը:
‘