‘«Սիրունյան» գրասենյակը` Հայրիկյանին. Սիրունյա՞նն է մեղավոր, որ…’

1421

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը պատասխանել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի`NEWS.am-ին տված մեկնաբանությանը:

Պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Հայրիկյանի կողմից փաստաբան Սիրունյանի հասցեին հնչեցված վիրավորանքները առնվազն տարակուսանք են առաջացնում եւ որոշակի հարցեր առաջ քաշում.

1. Պարոն Հայրիկյանը պետք է որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արեւների», «շան տղա լինեմ»-ների վրա, այլ գործի քննության արդյունքում ներկայացված փաստացի ապացույցների: Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ չի տեսել վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակը առանց հագուստը վնասելու է «մտել» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից՝ կան բազմաթիվ լուսանկարներ եւ չկա  վերքի լուսանկարը: Եվ այլն…

2. Եթե որեւէ անձի վրա մահափորձ է իրականացվում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա, առաջին հերթին՝ պետք է շահագրգռված լինի, որ ազատազրկվի իրական կատարողը, ինչում կհամոզվի ներկայացրած փաստերի հիման վրա: Տվյալ դեպքում, երբ փաստացի ապացույցները բացակայում են եւ «տուժող» կողմը հալած յուղի տեղ է ընդունում ամեն բան՝ ի տարբերություն Սիրունյանի՝ չփորձելով պահանջել ապացույցներ, ակամայից հարց է առաջանում, թե արդյոք Հայրիկյանը շահագրգռվա՞ծ է, որ հայտնաբերվեն եւ պատժվեն իրական հանցագործները: Գուցե դա նրան պետք չէ՞ …

3. Եվ վերջում հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաեւ Սիրունյան իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ:

Առողջ եղեք, պարոն Հայրիկյան»:

Նշենք, որ Հայրիկյանի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր. «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն…»: Սրան ի պատասխան՝ Պարույր Հայրիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Այստեղ ինքը ցույց է տալիս, որ ինքն ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից, ինքը ունի մի խնդիր` պաշտպանել Սեդրակյանին, եւ ինքը Սեդրակյանին պաշտպանում էր նրանով, որ ասում էր, որ Սեդրակյանը չի եղել մասնակիցը, ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց եթե քո խնդիրն է ապացուցել, որ Սեդրակյանը մասնակից չի, դրանով էլ զբաղվի: Տասնյակ էքսպերտիզաներ, վիրահատություններ են եղել, եթե դրա մասին ես խոսում, որ չի եղել, ուրեմն դու դաշնակից ես դրանց, այն վարձականներից ես: Չէ՞ որ սա շատ մեծ համակարգային գործ է, կրակելուն զուգահեռ իրենք հասարակական կարծիք են ձեւավորում տարբեր ուղղություններով: «Սիրունյան» հաստատության ի՞նչ գործն են այդ մանրամասնությունները, նրանք մի գործ ունեն, իրենց պաշտպանյալը չի մասնակցել, ուրիշ խնդիր ինքը չունի: Եթե նրա պաշտպանյալն է, եթե հանցագործության պաշտպանյալն է եւ ուզում է այնպես անել, որ հանցագործությունը արել ենք, բայց դա չի եղել, այդ դեպքում ես գործ ունեմ հանցավոր տարրի հետ, նրա մասին խոսելը իմ խնդիրը չէ, դատախազությունը թող խոսի: Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»: 

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Էլոյանն ունի բոլոր հիմքերը դատարան դիմելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 25 տոկոսը «Փյունիկինն է», իսկ «Փյունիկի» նախագահը Ռուբեն Հայրապետյանի տղան է’