‘Սլովակիայում հետաքննող լրագրող է սպանվել’

1868

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի մոտ սպանվել է հետաքննող լրագրող, 27-ամյա Յան Կուցիակը (Ján Kuciak): Reuters-ը հայտնում է, որ Կուցիակը սպանվել է մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մաչա գյուղում: Լրագրողի հետ սպանվել է նաև նրա ընկերուհին՝ Մարտինա Կուշնիրովան (Martina Kušnírová):
«Սլովակիան դեռևս լրագրողների վրա հարձակման այսպիսի նախադեպ չէր ունեցել»,- Գաշպարի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Յան Կուցիակի հետաքննությունների հիմնական թեման Սլովակիայի իշխող սոցիալիստական կուսակցության հետ առնչություններ ունեցող գործարարների հարկային խարդախություններն էին:
Սպանված լրագրողի վերջին հետաքննությունը հրապարակվել էր փետրվարի 9-ին: Հոդվածում մասնավորապես նշվում էր Բրատիսլավայում գտնվող Five Star Residence շքեղ բնակելի համալիրի շուրջ ծագած հարկային խարդախությունների մասին:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Յան Կուցիակի սպանությունը և կոչ է արել Սլովակիայի իշխանություններին պատժել մեղավորներին: Կազմակերպությունը հիշեցնում է, որ Եվրամիության երկրներում վերջին 10 տարիներին սա լրագրողի կամ լրագրողների սպանության հինգերորդ դեպքն էր, որոնցից վերջինը, մինչ Կուցիակի սպանությունը, մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունն էր անցած տարվա հոկտեմբերին:

Նախորդ հոդվածը‘Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գրում է.’
Հաջորդ հոդվածը‘Amnesty International-ը հիշեցնում է ընտրական շրջանում հայաստանցի լրագրողների դեմ բռնությունները’