‘Սլուցկի. Սենցովին Սախարովի մրցանակի հանձնումը իրավապաշտպան գործունեության քաղաքականացում է’

1439

Չորեքշաբթի Եվրախորհրդարանում տեղի է ունեցել ռեժիսոր Օլեգ Սենցովին Սախարովի անվան ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Քանի որ Սենցովն անազատության մեջ է, դիպլոմը փոխանցվել է նրա  փաստաբանին և քրոջը: 2018 թ. Անդրեյ Սախարովի անվան «Ազատամտության համար» մրցանակը Սենցովին շնորհելու որոշումը Եվրախորհրդարանը կայացրել է այս տարվա հոկտեմբերի վերջին:

«Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան մրցանակի հանձնումը Օլեգ Սենցովին իրավապաշտպան գործունեության քաղաքականացման վառ և շատ ցավալի օրինակ է: Սա հերթական հակառուսաստանյան գրոհն է: Ահաբեկչության մեջ մեղադրվող Սենցովի գործունեությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Սախարովի մրցանակի չափանիշներին»,- Telegram-ում գրել է  պետդումայի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Նրա կարծիքով՝ Ղրիմում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեղադրանքով դատապարտված Սենցովին «չի կարելի մի շարքում դնել այնպիսի մարդկանց հետ ,ինչպիսիք են Նելսոն Մանդելան, Լյուդմիլա Ալեքսեևան, Սերգեյ Կովալյովը կամ Քոֆի Անանը (բոլորը եղել են տարբեր տարիների Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ): Սա պարզապես ծաղր է հեղինակավոր մրցանակի հասցեին, որը կրում է մեծագույն ռուսաստանցու անունը»,- ընդգծել է Սլուցկին:

2015 թ. օգոստոսին Հյուսիսկովկասյան շրջանային դատարանը Սենցովին մեղավոր ճանաչեց ահաբեկության մեջ: Մասնավորապես, հետաքննության տվյալներով՝ նա Ղրիմում ահաբեկչական խմբավորում էր ստեղծել, որը 2014 թ. Սիմֆերոպոլում հրկիզումներ էր կազմակերպել «Ղրիմի ռուսական համայնք» հասարակական կազմակերպության և «Միացյալ Ռուսաստանի» տարածքային բաժանմունքի գրասենյակներում: Սենցովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան անցանկալի անձ է հայտարարել սլովակցի ռազմական դիվանագետին’