‘
Մարտի 26-ին Երեւանում կայացած Հայաստան — Չեխիա (0։3) աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ բազմաթիվ երկրպագուներ տոմսերով չեն կարողացել մտնել ստադիոն։ Ոստիկանները փակել են մուտքերը եւ տոմսերով ֆուտբոլասերներին ներս չեն թողել՝ պատճառաբանելով, թե ստադիոնում ազատ տեղ արդեն չկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Sport.News.am-ի-ի թղթակցին հայտնել են, թե տեղի ունեցածի համար Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում։
«Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը եւ «Արմմոբիլ» պահնորդական ընկերությունը, որոնք պետք է պահեին հասարակական կարգը: Ֆեդերացիան տպել է այնքան տոմս, որքան մարզադաշտը տեղավորում է: Տոմսերը պաշտպանիչ շերտով են, համարակալված։ Թե ինչու են մարդիկ մնացել դրսում՝ ոստիկանությունն ավելի լավ կիմանա: Ֆեդերացիան պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար։ Խնդիր կար նաեւ հանդիպումից ուշանալու հետ կապված: Այն երկրպագուները, ովքեր ուշ են գալիս մարզադաշտ՝ նրանց մտնելը դժվարանում է: Ֆեդերացիայի կայքում խնդրանք էր դրվել՝ շուտ գալ մարզադաշտ: Տոմսերի դիմաց փոխհատուցում չի լինի»,- ասացին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
‘