‘Սկանդալ. Էներգետիկայի նախարարը քննարկել է «ՀայՌուսԳազԱրդ»-ը ամբողջությամբ Գազպրոմին հանձնելու հարցը (Թարմացված, տեսանյութ)’

2035

«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր Մոսկվայում քննարկել են «ՀայՌուսԳազԱրդ» ընկերությունում ռուսական Գազպրոմի մասնաբաժնի ավելացման հարցը. 80-ից մինչեւ 100 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է rbc.ru-ն: Նույն հաղորդագրությունը նաեւ պաշտոնապես տարածել է Գազպրոմը: 

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը:

Հիշեցնենք, որ ներկայում ռուսական կողմը տիրապետում է «ՀայՌուսԳազԱրդի» բաժնեմասերի 80 տոկոսին: Եթե ռուսական կողմի բաժնեմասը հասցվի 100 տոկոսի, դա կնշանակի, որ ընկերությունն ամբողջությամբ կպատկանի ռուսական կողմին:

Հիշեցնենք նաեւ, որ ընդդիմությունն արդեն տեւական ժամանակ է հայտարարում է, որ հայկական կողմը մտադիր է իր 20 տոկոս բաժնեմասը տալ ռուսական կողմին: Պնդումներ եղան, որ այդ 20 տոկոսը հայկական կողմն արդեն տվել է ռուսական կողմին, մինչդեռ ՀՀ իշխանություններն այդ փաստը գաղտնի էին պահում՝ հատկապես նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:

Անցած տարվա հոկտեմբերին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ «Ռուսաստանի կողմից Հայաստան մտնող գազի սակագնի վերաբերյալ երկկողմ բանակցությունների արդյունքում Հայաստանը պարտավորվել է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի իր բաժնեմասով ծածկել այն տարբերությունը, որ կա 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 180 ԱՄՆ դոլարի և արդեն մի քանի ամիս ռուսների կողմից դե ֆակտո բարձրացված և 240 դոլարի հասցված վճարի տարբերության միջև»:
Նա նշել էր, որ «ՀայՌուսգազարդում» հայաստանյան բաժնեմասը գնահատվել է 63 միլիարդ դրամ, եւ հավելել, որ 180 ԱՄՆ դոլարի համար ներկայումս գանձվող գինը տևական ժամանակ է՝ ինչ ռուսների կողմից բարձրացվել է 240 դոլարի, և որ այդ գործարքը արվում է չվճարված ամիսներին հին ու նոր գների տարբերությունը փակելու համար:
«Կառավարությունը հաստատո՞ւմ է այս տեղեկությունը, և եթե այո, ապա ինչպե՞ս նման բախտորոշ որոշումը կարող էր ընդունվել առանց լայն քննարկումների և գաղտնի պահվեր հայ ժողովրդից»,- կառավարությանը հարց էր ուղղել Լևոն Զուրաբյանը՝ հարցնելով նաև, թե արդյո՞ք նման որոշման նախագծի դեպքում այն չպե՞տք է ընդգրկված լիներ պետական գույքի մասնավորեցման ծրագրում: 

Հարցին պատասխանած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասել էր, թե տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ի հետ բանակցություններ են տարվում գազի գնի վերաբերյալ, և որ դրանք շարունակվում են, ու քանի դեռ դրանք ավարտված չեն, կառավարությունը ոչինչ ասել չի կարող, և դրանք ավարտելուն պես, ինչ արդյունքի էլ, որ հասած լինեն, հանրությանը տեղյակ կպահեն:

Հարցուպատասխանից հետո Զուրաբյանը մեր կայքի հետ զրույցում ասել էր, որ նշանակալի փաստ է այն, որ խմբակցության կողմից բացահայտվել է գազի գնի բարձրացման շուրջ ծավալված այդ գաղտնի գործարքը: «Մենք սա համարում ենք անընդունելի ու հանցավոր գործարք, որը կնքվել է հայ ժողովրդի թիկունքում»,- ասել էր Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ 20%-ը վերջին փաթեթն էր, որն ուներ Հայաստանը «ՀայՌուսԳազԱրդ» ընկերությունում, իսկ այդ բաժնեմասը տալիս էր լրջագույն վերահսկողական առավելություններ: 
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այս հանցվոր գործարքը կատարվել է քաղաքական նկատառումներով՝ զսպելու համար նախընտրական ցնցումները: Իսկ երբ ընտրություններից հետո գազի գինը բարձրանա, պարզ կդառնա, թե այդ փաստը ինչ ծանր հետևանք պիտի ունենա բնակչության և արտադրության համար»,- եզրափակել էր Լևոն Զուրաբյանը:

Ավելին, նույն ժամանակ Գազպրոմից մեր կայքի թղթակցին ասել էին, որ նշված գործարքը նախապատրաստման փուլում է:

Իսկ ընդամենը օրերս կառավարության հետ մեկ այլ հարցուպատասխանի ժամանակ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանելով Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին՝ հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունը պաչտավորություններ չի վերցնում, եւ որ պայմանագիրը ստորագրում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն Ռուսաստանի «Գազպրոմ» ՓԲԸ-ի հետ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապն օրհնել է բայքերներին’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել է արտասահմանյան մակնիշի ծառայողական մեքենայից’