‘
Չեխիայում սկանդալ է պայթել. ավելի քան երկու տարի ոստիկանությունը հետևել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությանը, և վերջապես այդ գործողությունը տեղեկություններ հավաքելու փուլից անցել է ձերբակալությունների փուլին: Ձերբակալվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Յանա Նագյովան (հաղորդվում է, որ նա վարչապետ Պետեր Նեչասի մտերիմ ընկերուհին է), ձերբակալվել են ռազմական հետախուզության նախկին և ներկա ղեկավարները, խորհրդարանի նախկին պատգամավորներ, գյուղատնտեսության նախկին նախարարը և մի գործարար, որն զբաղվում էր բյուջետային միջոցներ հատկացնելու հարցում գործարարների շահերի լոբբինգով: Խոսքը վերաբերում է կոռուպցիային՝ կապված, օրինակ, ճանապարհային շինարարության ծախսերի ուռճացման հետ:
Բացի այդ, ինչպես այսօր գրել է չեխական մամուլը՝ ոստիկանությունը պարզել է, որ Յանա Նագյովան հսկողություն է սահմանել Պետեր Նեչասի կնոջ նկատմամբ, որից վարչապետը վերջերս է ամուսնալուծվել: Կնոջը լրտեսելու գործով զբաղվել է ռազմական հետախուզությունը, որը, ինչպես ասում են, իր մասնագիտությունը վերածել է շահավետ բիզնեսի: Ամենայն հավանականությամբ՝ գործը կավարտվի նախարարների կաբինետի հրաժարականով:
‘