‘
Չի բացառվում, որ անգլիական Սոլսբերիի հարյուրավոր բնակիչների առողջությանը վտանգ է սպառնում այն նյարդակաթվածահարող նյութից, որով մի շաբաթ առաջ թունավորվել են ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը, հաղորդել են իշխանությունները և բնակիչներին խորհուրդ տվել լվանալ հագուստը:
Անցյալ կիրակի Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյան, այցելել էին Zizzi ռեստորան ևThe Mill փաբ, ինչից հետո նրանց անգիտակից վիճակում գտել էին այդ երկու հաստատությունների միջև գտնվող զբոսայգու նստարանին: Նրանք մինչև հիմա հիվանդանոցում են ծայրահեղ ծանր վիճակում: Քաղաք են ժամանում քիմիական պաշտպանության զորքեր:
Հայտնի է դարձել, որ նյարդակաթվածահարող նյութի հետքեր են հայտնաբերվել Zizzi ռեստորանում, այն սեղանի վրա, որի մոտ նստած է եղել Սկրիպալն աղջկա հետ, ու նաև հարևան սեղանի վրա: Այդ սեղանները ոչնչացվել են:
Սոլսբերիի դեպքերն արդեն մեկ շաբաթ է՝ չեն իջնում բրիտանական թերթերի առաջին էջերից և սպառնում են ավելի բարդացնել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունները, եթե հետաքննությունը պարզի, որ, ինչպես իշխանություններն են կասկածում, այդտեղ առկա է Մոսկվայի ձեռքը:
Կրեմլը հերքում է մասնակցությունն այդ միջադեպին, ինչպես հերքում էր իր կապը 2006 թ. Լոնդոնում ՀԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորմանը:
Փոխանցում է BBC-ն:
‘