‘
Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման գործում նոր մանրամասներ են հայտնվել, որոնց մասին հաղորդում է բրիտանական մամուլը:
Երկու ռուսաստանցիները, որոնք Բրիտանիա են ժամանել Սերգեյ Սկրիպալին սպանելու նպատակով, վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում նշել են, որ գործարարներ են Սանկտ Պետերբուրգից, հաղորդում է Daily Telegraph-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունում իր աղբյուրին:
Տղամարդիկ երկիր են մուտք գործել կեղծ անուններով՝ Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով, սակայն պաշտոնական ռուսաստանյան անձնագրերով: Նրանց իսկական անունները դեռ չեն նշում, սակայն բրիտանական հետախուզական ծառայությանը և հակաահաբեկչական ոստիկանությանը հայտնի է, թե ովքեր են նրանք:
Պարբերականը նշում է, որ տղամարդիկ բրիտանական վիզա են ստացել Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից: Վիզայի փաստաթղթերում նրանք նշել են, որ աշխատում են միջազգային առևտրի ոլորտում, ցույց են տվել իրենց այցեքարտերը, ինչպես նաև բանկային հաշիվները՝ հազարավոր ֆունտ գումարներով:
Այս տեղեկությունն ավելի է հաստատել բրիտանական իշխանությունների այն պնդումը, թե կասկածյալները ՀԳՎ աշխատակիցներ են:
Daily Mirror-ի տեղեկացմամբ՝ «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութը դիվանագիտական փոստով հասցրել են Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղից էլ սպանության կասկածյալներին են փոխանցել այն: Թերթի աղբյուրը հաղորդել է, որ «Նովիչոկը» դիվանագիտական փոստով են ուղարկել, քանի որ այն չի ստուգվում:
Փոխանցում է BBC-ն:
‘