‘
Ամենայն հավանականությամբ՝ ՀԳՎ-ն է պատասխանատու Մեծ Բրիտանիայում այդ գերատեսչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար, գրել է The New York Times-ը՝ հղում անելով բրիտանական և ամերիկյան աղբյուրներին:
Թերթը ուշադրություն է հրավիրում, որ խոսքը «նույն ռուսաստանյան ռազմական հետախուզության մասին է, որին այժմ մեղադրում են 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ»:
«Բրիտանացի հետաքննիչները ենթադրում են, որ մարտի 4-ին նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի վրա հարձակումը, ամենայն հավանականությամբ, կատարվել է ՀԳՎ անունով հայտնի ծառայության նախկին կամ ներկա գործակալների օգնությամբ, որոնց ուղարկել են Սկրիպալների տուն»,- գրել է թերթը:
Աղբյուրներից մեկը թերթին հաղորդել է, որ բրիտանացի քննիչներն արդեն մոտ են նրան, որ պարզեն այն անձանց, ովքեր, նրանց կարծիքով, իրականացրել են Սկրիպալներին թունավորելու գործողությունը: Միևնույն ժամանակ, նշում է թերթը, «քննիչները չեն բացառում ռուսաստանյան մեկ այլ հետախուզական ծառայության կամ դրա մասնավոր ստորաբաժանման մասնակցությունը»:
Փոխանցում է Interfax-ը:
‘