‘Սյունիքի մարզպետարանի տեքստը՝ քննարկման առարկա’

1071

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում թեժ պահերի նկարագրութուններով, մարտաֆիլմի սցենար հիշեցնող տեքստը ներկայացված է որպես սղագրություն՝ իբրեւ դեպքերի զարգացման ընթացք:

Եթե զինդատախազ Գեվորգ Կոստանյանը հայտարարում է, թե Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի տեսագրություններն ու տեսագրող սարքերն առգրավվել են դեպքից ժամեր անց, ոստիկանության Գորիսի բաժնի պետն ասաց, թե այդ տեսանյութերն ու սարքերն առգրավվել են գիշերը, իսկ քննչական գլխավոր վարչության Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանի խոսքով՝ առգրավումը եղել է հունիսի 2-ի առավոտյան, նա ի դեպ, ասաց, որ կա արձանագրություն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ էին մարզպետարանի աշխատակիցները մտնել Սուրիկ Խաչատրյանի տուն եւ հետազոտել այդ տեսանյութը, Ոստիկանության Գորիսի բաժնի պետ, գնդապետ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. — «Ինչո՞ւ չէին կարող։ Իրենց տունն է, հիմա էլ ով ուզում է՝ մտնում դուրս է գալիս»:

Ռադիոկայանի հետ զրույցում Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը հաստատեց, որ միջադեպից հետո մարզպետի տունը հատուկ պահպանության էր հանձնված եւ մարզպետարանի աշխատակիցներին չէր թույլատրվում ազատ ելումուտ անել այնտեղ։

Այն հարցին, թե այդ դեպքում մարզպետարանի աշխատակիցները որտե՞ղ են դիտել այդ տեսանյութերը եւ տարածել համապատասխան տեքստը, Մանուչարյանը արձագանքեց. — «Միգուցե չեն էլ տեսել, լսելով են այդ ամեն ինչը արձանագրել»։

Գորիսի քննչական բաժանմունքի պետը նաեւ հաստատեց, որ տեսանյութը նախաքննական գաղտնիք է պարունակում եւ դրա հրապարակումը օրենքով արգելված է։

Նախորդ հոդվածը‘Գարի Կասպարովը որոշել է չվերադառնալ Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’