‘Սյունիքի մարզպետարանի օրինակով` Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմը կանգնում է «շեֆի մեջքին»’

949

Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության բաժինը հաղորդագրություն է տարածել, որով «ստահոդ» է հռչակվում քաղաքացի Լ. Մարյանի հաղորդումը ոստիկանություն այն մասին, որ քաղաքապետ Գագիկ Սահակյանը հուլիսի 10-ին մարմնական վնասվածք է հասցրել իրեն:

 

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը նշում է, որ քաղաքապետի եւ քաղաքացու միջեւ տեղի ունեցած «միջադեպը» (չակերտները քաղաքապետարանինն են-խմբ.) չի համապատասխանում իրականությանը: «Այդ մասին են վկայում նաեւ համացանցում տեղադրված նյութերի վերաբերյալ հարյուրավոր քաղաքացիների թողած մեկնաբանությունները», — ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետեւ քաղաքապետարանի աշխատակազմը, չհամբերելով մինչեւ նախաքննության ավարտը, նկարագրում է միջադեպի իր վարկածը: Ըստ այդմ, դեպքի օրը քաղաքապետ Սահակյանը մի խումբ քաղաքացիների հետ Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում ծանոթանում էր ջրամատակարարման հետ կապված խնդրին, երբ հայտնվեց Լ. Մարյանը (որը, ըստ հաղորդագրության, քաղաքում հայտնի կռվարար է եւ բանսարկու) եւ սկսել անվայել արտահայտություններ հնչեցնել քաղաքապետի հասցեին: Վերջինս, ընդամենը ձեռքից բռնելով քաղաքացուն, առաջարկել է նրան լքել տարածքը:

«Այսպիսի մարդու տարածած ստահոդ հայտարարությունը նպատակ ունի խաթարել քաղաքում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, վնաս հասցնել Սպիտակի քաղաքապետին», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘BBC-ն պատմում է Երեւանում հաստատված սիրիահայ գործարարի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցերը Թուրքիայի մի շարք քաղաքներում’