‘Սյունիքի մարզպետը իրավասու չէ արոտավայր տրամադրել, բայց «արդեն աշխատանքներ են տարվում»’

1657

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համոզված է, որ Իրանին վարձակալությամբ արոտավայրեր տրամադրելը շատ ձեռնտու կլինի Հայաստանի համար, քանի որ համայնքային բյուջեի եկամուտները կավելանան:

Արդեն տեղեկացրել ենք, որ «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպությունը հրապարակել է հասարակությունից թաքցրած երկու փաստաթուղթ, որոնք վերաբերում են հայ-իրանական համագործակցությանը՝ Սյունիքի մարզի հողերը Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգին վարձով տալու փաստին: Մասնավորապես, սահմանվել է, որ յուրաքանչյուր հեկտարի համար իրանական կողմը կվճարի 25 ԱՄՆ դոլար, ընդ որում, ըստ համաձայնագրի, նախատեսվում է առնվազն 50 հազար հեկտար արոտավայր տրամադրել:

iLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետը նշեց, որ իր իրավասություններից դուրս է արոտավայր տրամադրելը, եւ որ արոտավայրը տրվում է հողային օրենսգրքին համապատասխան: Ըստ նրա, արոտավայրերը պետք է տրամադրվեն մրցութային հիմքով՝ համայնքի ղեկավարները մրցույթ են հայտարարում՝ հողերը վարձակալությամբ տրամադրելու համար:

 iLur.am-ը  հետաքրքրվեց՝ ինչու՞ մինչև այժմ չեն հրապարակվել հուլիսին իրանական կողմի հետ ստորագրված փոխըմբռման հուշագիրն ու հունվարի 15-ին ստորագրված համաձայնագիրը:

 «Ինչի՞ պետք է հրապարակենք. հենա, մարզպետարանի կայքում դրված է», զարմացավ մարզպետը: (Սյունիքի մարզպետարանի կայքում (www.syunik.gov.am) Իրանի հետ համագործակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չգտանք-խմբ.):

«Իսկ արդյո՞ք այդ փաստաթղթերի առկայությունը նշանակում է, որ արոտավայրերի վարձակալության մասին որոշումն արդեն իսկ կայացվել է» — հարցից Սուրիկ Խաչատրյանն ավելի զարմացավ.

 «Ո՞վ է իմանում, որ պաշտոնապես հաստատի, ո՞վ է մտածում, որ գյուղապետարանը էդ հողն ունի, էդ մրցույթը երբ է հայտարարվելու, ոնց է հայտարարվելու, ո՞վ է իմանում, որ պաշտոնապես տենց բան ասի: Դե հուշագիրը ստորագրվել է: Հիմա ինչը հնարավոր է իրականացնելու, իրականացվում է, իսկ ինչը հնարավոր չի, չի իրականացվում», — ասաց նա:

Մարզպետի խոսքով, իրանական կողմի հետ համաձայնագրի շրջանակներում արդեն իսկ  «գյուղատնտեսական, մշակութային, արդյունաբերական, առևտրի» աշխատանքներ են տարվում: «Երեկ Պարսկաստանից բերել եմ տեխնիկա, այդ տեխնիկա երևի թե շուկայականից ցածր գներով վաճառվի հողօգտագործողներին: Հիմա բանակցությունների մեջ ենք», — տեղեկացրեց Սուրիկ Խաչատրյանը: 

Նախորդ հոդվածը‘Հավայացի սերֆերը 30մ բարձրությամբ ալիք է հաղթահարել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը պայքարում է աֆրիկյան ժանտախտի դեմ’