‘
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը հերթական անգամ «աչքի է ընկել»:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արմեն Վարդանյանը: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Վարդանյանը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վարդանյանին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 1970 թ. ծնված Զարզանդ Ն.-ն (Նիկողոսյանը) և 1976 թ. ծնված Դավիթ Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքում, եւ ոչ միայն այնտեղ, հայտնի է իր մի շարք «քաջագործություններով»: Մի քանի տարի առաջ Գորիս քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով Զարզանդը ծեծեց Գորիսի դատավոր Ի. Բեգլարյանին ու մնաց անպատիժ, այնուհետեւ իր «անմիջական բոսսի»՝ Լիսկայի հրահանգով՝ ծեծեց վերջինիս որդու դասընկերոջը և դարձյալ մնաց անպատիժ:
Իսկ վերջերս էլ Զարզանդի անունը սկսեց շրջանառվել 2012-ի դեկտեմբերին Քաջարան քաղաքում տեղի ունեցած սպանությանը նրա անմիջական մասնակցության առիթով:
‘