‘Սյունիքի քաղաքային ու գյուղական դպրոցները կընդգրկվեն Dasaran.am կրթական ծրագրում’

747

«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում են արդեն Հայաստանի Հանրապետության 9 մարզերի քաղաքային բոլոր համայնքների հանրակրթական դպրոցները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Սյունիքի մարզի քաղաքային դպրոցների, ինչպես նաև բոլոր մարզերի գյուղական դպրոցների փուլային ներգրավումը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին կրթական ծրագրի պատասխանատու գրասենյակից: 

«Dasaran.am»-ի աշխատակազմը 2012թ-ի մարտից ի վեր վերապատրաստումներ է անցկացրել ՀՀ մարզերի քաղաքներում և տեղի դպրոցների անձնակազմին ծանոթացրել օպերատորների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքին: Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների և օպերատորների միջև տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն:

Երևանի թիվ 38 դպրոցի օպերատոր Ռոզա Սարգսյանի խոսքով՝ կայքն անցած տարվա համեմատ ավելի մատչելի ու ճկուն է: Արտաշատի թիվ 6 դպրոցի օպերատոր Արմենուհի Հայրապետյանը նշում է, որ կայքը լավ է աշխատում և օրեցօր այն կատարելագործվում է՝ ավելի հարմարավետ դարձնելով մուտքագրումները:

«Dasaran.am»-ի շնորհիվ  հեշտացել է երեխաների առաջընթացի վերահսկողությունը, ինչպես նաև կայքն օգնում է ապահովել դպրոցների թափանցիկությունն ու նվազեցել կոռուպցիոն ռիսկերը: Համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողները շուրջ 3 ամիս օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի 13% աճ և բացակայությունների 22% նվազում, ինչը ևս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

Վերջին տվյալներով կայքն ունի 212.000 գրանցված ծնող և նույնքան աշակերտ, միջինում 1.350.000 ամսական այցելու և 19.500.000 ամսական էջադիտում: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով: 

Նախորդ հոդվածը‘Իսրայելական ՌՕՈՒ-ն Գազայի հատվածում գրոհել է 80 նպատակակետերի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամը ‘