‘Սյունիքում ԱԺ մանդատի համար կպայքարեն Տիգրան Սարգսյանը, նախագահի նախկին թեկնածուն եւ այլք’

776

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ըտնտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների ցանկը:

Պատգամավորական մանդատի համար սեպտեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին կպայքարեն ՀՀԿ առաջադրած Արմեն Կարապետյանը, «Ժառանգությունից»՝  ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, անկուսակցականներ Վահրամ Հովհաննիսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Պավլիկ Սարգսյանը: Վերջինս, ի դեպ, անցած նախագահական ընտրություններին փորձում էր առաջադրվել, սակայն ընտրագրավը չվճարելու պատճառով կիսատ թողեց ընտրապայքարը:

Հիշեցնենք, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր է մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում: Մարզպետի պաշտոնն էլ թափուր էր մնացել հունիսի 1-ին նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունահեղությունից հետո:

Ըստ հիմնական վարկածի` Սուրիկ Խաչատրյանի եւ Գորիսում հայտնի գործարար Ավետիք Բուդաղյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո Բուդաղյանը երեկոյան մեկնել է Խաչատրյանի տուն՝ հարաբերությունները պարզեու: Նրան դիմավորել են «Լիսկայի» մարդիկ եւ գնդակահարել են Ավետիք Բուդաղյանին եւ ավելի ուշ եկած նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին: «Լիսկայի» որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը դեպքից հետո կալանավորվել են՝ սպանության եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան բողոք է հայտնել Իսրայելին՝ անպատշաճ արտահայտությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ասոցացման համաձայնագիրը պետական գաղտնիքի նման անհասանելի է պահվում’