‘
Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերինան պատմել է իր վստահորդի խնդիրների մասին: Սնոուդենն ապրում է պահպանության տակ գտնվող գաղտնի բնակարանում, նա երբեմն դուրս է գալիս՝ կեղծամով և գրիմով: Սնոուդենի համար վտանգն այնքան մեծ է, որ նա ոչ մի կոնտակտ չունի ոչ միայն մամուլի, այլև առհասարակ արտաքին աշխարհի հետ: «Ես նրա միակ կապող օղակն եմ արտաքին աշխարհի հետ: Նույնիսկ ծնողների հետ նա խոսում է իմ միջոցով»,- պատմել է փաստաբանը: Վերջինս նաև ասել է, որ Սնոուդենի գրիմը շատ հաջող է. «Նա կարող է անցնել ձեր կողքով, և դուք նրան չեք ճանաչի»: Փաստաբանի խոսքերով՝ Սնոուդենը նաև շատ արագ յուրացնում է ռուսերենը, նա բացարձակապես չի զղջում իր արարքի համար և չի համարում, թե իր կազմակերպած՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքը սխալ էր, փոխանցում է MIGnews-ը:
‘