ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություններ է տարածել, համաձայն որոնց, հակառակորդը խախտել է հրադադարը, փորձել է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։
Հայկական կողմը ունի երեք զոհ, երկու վիրավոր։
ՊՆ հաղորդագրությունները ստորեւ․
Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
***
Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։
***
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։
***
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
***
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Մարտական գործողությունները շարունակվում են:
***
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։