‘Սողոմոն Քոչարյանի մահից հետո ՀՔԾ-ն բարեհաճել է քրգործ հարուցել’

1312

Հատուկ քննչական ծառայությունը` հետ չմնալով ՍԴ-ից, քիչ առաջ ևս ուշագրավ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը մայրը՝ Զինա Քոչարյանը հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները եւ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու եւ դրանց զարգացումը կանխելու համար, որի հետեւանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:

Եվ ահա Զինա Քոչարյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում, Սողոմոն Քոչարյանի մահվանից մոտ մեկ ամիս հետո բարեհաճել են քրեական գործ հարուցել: Սա այն դեպքում, որ տարիներ շարունակ Սողոմոն Քոչարյանի ծանր հիվանդությունների մասին ահազանգում էր մամուլը:

ՀՔԾ-ի հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար: Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Ս. Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան:

Քաղաքացի Զինա Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն պնդում է, թե հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘Անցած 3 օրերին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 5 մարդ’