‘
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում հիանալի հաջողության է հասել Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և հռչակվել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել է 6-րդ հորիզոնականում:
Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Մեր երկու շախմատիստն էլ վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն կրեցին և զիջեցին իրենց դիրքերը:
‘