‘Սոչիում ՌԴ նախագահը բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ’

858

Ինչպես տեղեկացվել է, այսօր Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հետ: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, նախևառաջ՝ տնտեսական համագործակցության հարցեր:

Սակայն ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքում կշոշափվի նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը՝ վերջին օրերին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների շիկացման համապատկերին:

Հրադադարի ռեժիմը պահպանելու կոչով Ադրբեջանին և Հայաստանին են դիմել մի շարք երկրներ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը և ՄԱԿ-ը: Ռուսաստանի ԱԳՆ-ն իրավիճակի հետագա սրացումն անթույլատրելի է համարել և հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դրսևորել «զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»:

Ըստ РИА Новости-ի՝  Երևանն արդեն պատրաստակամություն է հայտնել Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Հակամարտությունը այլեւս սառեցված չէ’
Հաջորդ հոդվածը‘Հերթական դիվերսիան. Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր’