‘Սոչի-2014. ԱՄՆ-ը նախազգուշացնում է՝ ատամի մածուկում կարող է պայթուցիկ լինել’

776

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը դեպի Ռուսաստան և Ռուսաստանից ուղերթներ կատարող ավիաընկերություններին նախազգուշացրել է, որ ուղեբեռներում առկա ատամի մածուկի պարկուճում կարող են թաքցված լինել պայթուցիկ նյութեր, որոնց օգնությամբ կարելի է պայթուցիկներ պատրաստել հենց օդանավում: Հայտարարության մեջ ասվում է, որ նախազգուշացումը վերաբերում է ամերիկյան և միջազգային ավիափոխադրողներին՝ կապված Սոչիի Օլիմպիական խաղերի հետ:

Հունվարին Ռոսավիացիան Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում սահմանափակումներ մտցրեց ձեռքի ուղեբեռներում հեղուկներ տեղափոխելու նկատմամբ՝  Օլիմպիական խաղերի նախաշեմին անվտանգության նկատառումներով արգելելով օդանավ բարձրացնել հեղուկ պարունակող ցանկացած իր:  Դեղորայքը, հատուկ դիետիկ միջոցները և մանկական սնունդը, այդ թվում՝ մայրական կաթը, կարելի է օդանավ բարձրացնել միայն նրանց անվտանգությունը հաստատելուց հետո: Արգելքը կգործի մինչև 2014 թ. ապրիլի 1-ը:

Սոչիում, ուր փետրվարի 7-ին մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը, անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռք առնվել: Չնայած հյուսիսկովկայան գրոհայինների հնչեցրած սպառնալիքներին՝ երկրի իշխանությունները հայտարարում են Խաղերի կատարյալ անվտանգության մասին:

Համաշխարհային պրակտիկայում հեղուկ տեղափոխելու սահմանափակումներ մտցվեցին 2006 թ. հետո, երբ բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտեցին Ատլանտիկ օվկիանոսի վրա ինքնաթիռները հեղուկ ռումբերի միջոցով պայթեցնելու դավադրությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մեղադրողը 15 տարի պահանջեց Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողի համար’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.300 մլն դոլար ‘