‘Սոսո Պավլիաշվիլիի փեսան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’

922

Թբիլիսիի դատարանը վճիռ է կայացրել գործարար Անտոն Ադուաշվիլիի սպանության գործով մեղադրյալների նկատմամբ, որոնց թվում է նաև երգիչ Սոսո Պավլիաշվիլիի քրոջ ամուսինը՝ Վախթանգ Չխապելիան: Վերջինս ու իր երկու հանցակիցները դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման:

Գործարար Ադուաշվիլիին սպանված էին գտել 2012 թ.նոյեմբերին Թբիլիսիի փողոցներից մեկում կայանած իր ավտոմեքենայի մեջ: Նրա մարմնի վրա դանակահարության և հրազենի մի քանի վնասվածքներ են արձանագրվել: Անցյալ գարնանը մամուլը Չխապելիայի ցուցմունքից մի քանի հատվածներ էր մեջբերել, որոնցում նա պնդում էր, թե սպանվածի և Սոսոյի միջև տարաձայնություններ կային, վերջինս երգչից անընդհատ մեծ գումարներ էր կորզում, դրա համար էլ ինքն ու Սոսոն որոշել են «պատժել Ադուաշվիլիին»: Սակայն նա շեշտել է, որ մտադիր չի եղել սպանել նրան, այլ միայն «ծեծել և հաշմանդամ դարձնել», ինչի համար էլ 50 հազար դոլարով վարձել է «պատիժն իրագործողին», որն իր հետ միասին մեղադրյալի աթոռին հայտնված Գելա Ուբիլավան է:

Ինչ վերաբերում է Սոսո Պավլիաշվիլիին, ապա դատախազը հայտարարել է, որ նրա դեմ բավարար ապացույցներ չկան, սակայն նաև չի բացառել, որ երգիչը մոտ ապագայում կարող է հարցաքննության ենթարկվել: Պավլիաշվիլիի փաստաբանները կտրականապես հերքում են նրա հասցեին մեղադրանքները, իսկ Սոսոն ինքը հայտարարել է, որ սպանված գործարարն իր լավագույն ընկերն էր, և անհեթեթ է համարել իրեն ուղղված մեղադրանքները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի որդին ազատության մեջ է. ՊՆ քննչականի կարծիքով՝ նա ինքնապաշտպանվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի վարչության նիստը վարել է նախագահ Տեր-Պետրոսյանը. Տեսանյութ’