‘
Սովետական անվանումներով ուկարիանական քաղաքները կարող են անվանափոխվել երկրի նախագահի՝ ապակոմունիստականացման մասին օրենքի շրջանակներում: Սակայն, ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ և մշակույթի նախարար Վյաչեսլավ Կիրիլենկոն, այդ իրավունքը վերապահվում է տեղական համայնքներին, հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստատեսությունը: «Օրենքը սահմանում է, որ դա տեղական համայնքների իրավունքն է, նրանք դա կքննարկեն, և եթե որոշեն անվանափոխել բնակավայրը, ուրեմն հանրաքվե կանցկացվի»,- ասել է նախարարը:
Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ փողոցներն անվանափոխելու համար բավարար է տեղական խորհրդի որոշումը, իսկ գյուղերի ու քաղաքների անունները փոխելու համար անհրաժեշտ է Գերագույն ռադայի որոշումը:
Ուկրաինայում մայիսի 15-ին ուժի մեջ է մտել «Կոմունիստական և նացիոնալ-սոցիալիստական (նացիստական) տոտալիտար վարչակարգերի դատապարտման և դրանց սիմվոլիկայի քարոզն արգելելու մասին» օրենքը: Դրա հետ մեկտեղ Պյոտր Պոռոշենկոն ստորագրել է «Կոմունիստական տոտալիտար վարչակազմի ռեպրեսիվ մարմինների՝ 1917-1991 թթ. արխիվների հասանելիության մասին», «1939-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի մասին» և «20-րդ դարում Ուկրաինայի անկախության համար պայքարած մարտիկների հիշատակի և իրավական կարգավիճակի մասին» օրենքները: Այս բոլոր օրենքները նախատեսում են խորհդային սիմվոլիկայի արգելում և կոմունիստական վարչակարգի դատապարտում: Գործնականում՝ դրանք նախատեսում են, մասնավորապես, սովետական ղեկավարների ու կուսակցական գործիչների հուշարձանների ապամոնտաժում, ինչպես նաև արգելում են մեջբերել ԽՍՀՄ ղեկավարների ասույթները: Փոխանցում է lenta.ru-ն:
‘