‘Սովորական ցինիզմ. Սիրիահայերին օգնելու փոխարեն` հայտնաբերել Սփյուռքի ներուժը ‘

909

Մինչ Հայաստանի քաղաքացիները մտահոգված են այն հարցով, թե ի՞նչ է սպասվում սիրիահայ մեր եղբայրներին եւ քույրերին, որոնք արդեն վերջնականապես հայտնվել են պատերազմական գործողությունների կիզակետում, կառավարությունը ԱԺ է ներկայացրել 2013-ի բյուջեն, որտեղ «2013 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններ»-ի «Սփյուռք» բաժնում նշվում է, թե Սփյուռքին առնչվող ինչ ուղղություններով է Հայաստանը աշխատանքներ տանելու:

Ու դուք կարծում եք`սիրիահայերի մասով առանձին որեւէ տո՞ղ կա:

Ճիշտ եք անում, որ վստահ եք՝ չկա: Այդպես էլ կա: Ոչ մի ուղղություն, ոչ մի նախատեսվող աշխատանք, ոչ մի գերակայություն: Ոչինչ: Սովորականի նման կազմել են տարեկան բյուջեն, սովորականի պես շարադրել են իրենց համար կարեւոր գերակայությունները՝ չնայած այս պայմաններում այդ «գերակայությունների» մեծ մասը կարելի էր ուղղակի դուրս շպրտել բյուջեից ու կենտրոնանալ սիրահայերի խնդիրը լուծելու ուղղությունների վրա: Բայց` ոչ: Երեւի մտածել են` դե, սիրիահայերն են, էլի, մի ձեւով իրենց գլխի ճարը կտեսնեն: Իսկ մեր իշխանություններին այժմ այլ գերակայություններ են հետաքրքրում, գոնե՝ ըստ 2013-ի բյուջեի նախագծի: Օրինակ. «համակողմանի հայտնաբերել և համախմբել սփյուռքի ներուժը և այն ներգրավել Հայաստանի տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների լուծմանը», «2013թ. մշակվելու և իրականացվելու են համահայկական ծրագրեր` սփյուռքը Հայաստանի հետ առավել սերտացնելու, հայկական անկախ պետականության շուրջ աշխարհասփյուռ հայությանը համախմբելու ուղղությամբ», «փոքրաթիվ համայնքներում հայկական կյանքի աշխուժացումը, համայնքային կյանքի ակտիվացմանն աջակցելը, կրթական, մշակութային հաստատությունների ստեղծմանն ու գործունեությանն օժանդակելը` Հայաստանից հասարակական,  քաղաքական, մշակութային գործիչներ գործուղելու, համայնքների հայկական կազմակերպությունների հետ կապերն ամրապնդելու միջոցով»:

Ավելի կարեւոր աշխատանքնե՞ր եք ուզում: Խնդրեմ. «2013թ. ընթացքում կշարունակվեն Համահայկական խորհրդաժողովների և գիտաժողովների կազմակերպման աշխատանքները, սփյուռքի ամառային դպրոցի աշխատանքները, սփյուռքագիտության ոլորտում գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն

նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունները, ինչպես նաև սփյուռքագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստման գծով նպաստների տրամադրման աշխատանքները»: Ահա, խնդրեմ: Իսկ դուք ասում եք` Սիրիա, պատերազմ, ավերածություններ, սիրիահայեր, սիրիահայերի խնդիրներ, նրանց Հայաստան բերելու հարցում օգնություն: Կարեւորը` «համակողմանի հայտնաբերել և համախմբել սփյուռքի ներուժը և այն ներգրավել Հայաստանի տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների լուծմանը», ավելի հասկանալի լեզվով ասած` հայտնաբերել բոլոր հարուստ սփյուռքահայերին, անգամ նրանց, ում մասին մինչ այժմ չենք իմացել, ու նրանց փողերը բերել Հայաստան, դե իսկ հետո արդեն` ըստ ավանդույթի ծախսել այդ գումարները: Հա, մեկ էլ «շարունակել Համահայկական խորհրդաժողովների և գիտաժողովների կազմակերպման աշխատանքները»: Գիտաժողովներ, խորհրդաժողովներ, համաժողովներ, վեհաժողովներ, ուղղակի ժողովներ` տարբեր տեսակի ու բովանդակության, շատ ժողովներ, բազմաթիվ ժողովներ, բազմապիսի ժողովներ, անընդհատ ու պարբերական ժողովներ: Հա, ու մոռացանք գործուղումները`«Հայաստանից հասարակականքաղաքական, մշակութային գործիչներ գործուղելու, համայնքների հայկական կազմակերպությունների հետ կապերն ամրապնդելու միջոցով փոքրաթիվ համայնքներում հայկական կյանքի աշխուժացման կարեւորությունը, համայնքային կյանքի ակտիվացմանն աջակցելը, կրթական, մշակութային հաստատությունների ստեղծմանն ու գործունեությանն օժանդակելը»: Ու հետո էլ զարմանում եք, որ պատերազմի մեջ գտնվող Սիրիայում տեղակայված մեր դեսպանատունը սեպտեմբերի 21-ին դեռ սիրտ է անում ու Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակ է տոնում: Կարեւորը` հայտնաբերեն բոլոր ծպտյալ հարուստ սփյուռքահայերին: 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Երեք ընկերներ խելահեղ պարում են «Սենդի» փոթորիկի տակ (տեսահոլովակ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մարկոս Պիզելի. Նոր փառավոր էջ գրեցինք’