Սորոս․ ՌԴ–ի ներխուժումը սպառնում է վերածվել համաշխարհային պատերազմի

162

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ եվրոպական քաղաքակրթությունը կարող է չդիմանալ Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա, սակայն Եվրոպան շատ ավելի լծակներ ունի ազդելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քան կարծում են արևմտյան առաջնորդները։

Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընդմիջմանը, ընթրիքի ժամանակ իր ավանդական և սպասված ելույթում, հունգարական ծագում ունեցող միլիարդատերը և բարեգործը հայտարարել է, որ պատերազմը հիմնովին ցնցել է Եվրոպան։

«Այս ներխուժումը, հնարավոր է, դարձել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր պաշարները՝ հնարավորինս շուտ վերջ դնելու պատերազմին։ Լավագույն և, թերևս, միակ միջոցը՝ պահպանելու մեր քաղաքակրթությունը՝ հնարավորինս արագ Պուտինին հաղթելն է»,- հայտարարել է Սորոսը։

Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային, սակայն քննադատել է չափազանց մեծ կախվածությունը վառելիքի ռուսաստանյան պաշարներից։ Ըստ Սորոսի՝ այդ կախվածությունը մեծապես պայմանավորված է այն շահադիտական քաղաքականությամբ, որը վարում էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը՝ Մոսկվայի հետ հատուկ գործարք կնքելով գազի մատակարարման վերաբերյալ։

«Կարծում եմ՝ Պուտինը շատ ճարպկորեն է շանտաժի ենթարկում Եվրոպային՝ սպառնալով անջատել գազը, բայց իրականում նրա փաստարկները շատ ավելի թույլ են, քան ինքը կարծում է»,- ասել է միլիարդատերը։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը գազը զետեղել է իր պահեստարաններում՝ փոխանակ Եվրոպա արտահանելու, այդպիսով դեֆիցիտ է առաջացրել՝ բարձրացնելով գները և Ռուսաստանին լավ շահույթ ապահովելով։ Սակայն պահեստարաններն արդեն լիքն են, և Ռուսաստանը գազ արտահանելու այլ տեղ չունի, քան Եվրոպա, քանի որ դա նրա միակ շուկան է։

«Եվրոպան այդ հարցում շատ ավելի ուժեղ դիրքում է, քան կարծում է»,- համոզված է Սորոսը։

Նա նաև խիստ քննադատել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինին և նշել, որ ավտոկրատ ռեժիմները հիմա վերելք են ապրում, իսկ համաշխարհային տնտեսությունը դեպի անկում է ընթանում։ Սորոսի խոսքով՝ Պուտինը և Սի Ձինպինը երկու բռնապետներ են, որ շատ ընդհանրություններ ունեն ու մեծ սպառնալիք են ներկայացնում բաց հասարակությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲեննեթը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը
Հաջորդ հոդվածըՏեղից վեր կացողը ժողովրդի վրա է «մուննաթ գալիս»․ ՉԻ