‘Սոցապ նախարար. Սակագների բարձրացումը կարող է բերել 2,5 տոկոս գնաճային ճնշման’

1312

iLur.am-ի զրուցակիցն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը

— Պարոն Ասատրյան, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը եւ դրանից հետո սպասվող գնաճը բնակչության կենսամակարդակի, սոցիալական վիճակի վրա ի՞նչ ազդեցություն կունենան:

— Կառավարության ներկայացուցիչների կողմից արդեն նշվել է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, նախնական գնահատականների համաձայն՝ կարող է բերել 2,5 տոկոս գնաճային ճնշման: Այս պահին այլ գնահատական չկա:

— Հասարակության շրջանում դա սոցիալական իրավիճակի լարվածության, աղքատության աճի կհանգեցնի՞, թե՞ ոչ: Այս առումով ունե՞ք արդյոք կանխատեսումներ:

— Չունեմ կանխատեսումներ: Բայց ասեմ, որ մենք այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ անում ենք: Ինքներդ էլ գիտեք՝ հուլիսի 1-ից նախատեսված է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում՝ շուրջ 30 տոկոսի չափով: Այս բարձրացումը վերաբերելու է այն անձանց, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ կամ մինչեւ 45 հազար դրամ աշխատավարձ: Այդ մարդկանց թիվը կազմում է մոտ 160 հազար մարդ՝ ըստ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի: Այդ մարդկանցից 70 հազարը պետական համակարգի աշխատողներ են, մոտ 90 հազարը՝ ոչ պետական ընկերությունների աշխատակիցներ են: Այնպես որ, այդ 160 հազար մարդը, ովքեր ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկի, նրանց համար մոտ 30 տոկոսով եկամուտների ավելացում է նախատեսված:

-Եվ դա բավարա՞ր լուծում եք համարում:

-Ես կարծում եմ, որ սա միայն առաջին քայլն է: Բացի այդ, 2014 թ. հունվարից նախատեսվում է անցում աշխատավարձի նոր համակարգի, նոր սանդղակի ձեւավորման, եւ այդ համակարգի համար նախատեսվում է շուրջ 50 մլրդ դրամ հատկացնել: Նախատեսվում է նաեւ կենսաթոշակի ավելացում: Այնպես որ՝ հաջորդական քայլեր արվում են:

Դուք խոսում եք նվազագույն աշխատավարձի մասին, ասում եք, որ ՊԵԿ-ի տվյալներով՝ 160 հազար հոգի նվազագույն աշխատավարձ է ստանում: Բայց բոլորս գիտենք, որ հաճախ մասնավոր ընկերությունները ցածր աշխատավարձ են գրում փաստաթղթերում՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար: Այսինքն՝ վաղը եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնեն, ապա շատերը դա կանեն փաստաթղթի վրա, իսկ աշխատողի իրական եկամուտը, որ թեեւ նվազագույն աշխատավարձից շատ է, կմնա նույնը:

-Նվազագույն աշխատավարձը ամբողջ աշխարհում օգտագործվում է որպես գործիք՝ աշխատավարձերի ոլորտում վարվող քաղաքականության վրա ազդելու համար: Այլ գործիք, որ գործատուին պարտադրես՝ համապատասխան աշխատավարձ սահմանեն, պետությունը չունի: Կա նախկին ԽՍՀՄ-ի օրինակը, երբ պետությունն էր միակ գործատուն, եւ ինքն էլ սահմանում էր աշխատավարձերի համակարգը եւ կառավարում այն: Սակայն Հայաստանի Հանրապետությունում ազատական տնտեսություն է, եւ միակ ճանապարհը նվազագույն աշխատավարձի գործիքն է: Տվյալ դեպքում՝ իրականացվող քայլը, առաջին հերթին, վերաբերում է պետությանը՝ որպես գործատուի, որովհետեւ երբ պետական համակարգում աշխատողների աշխատավարձի նվազագույնն է ամրագրվում, ենթադրվում են բյուջեի ցուցանիշներ: Մյուս կողմից, մասնավոր սեկտորն էլ, մրցունակությունը բարձրացնելու համար, աշխատավարձերի ճիշտ քաղաքականություն վարելու խնդիր ունի: Հիմա պետությունն իր քայլերով թելադրում է վարել ճիշտ քաղաքականություն:

Պարոն Ասատրյան, սակայն սպասվող գնաճը հանգեցնելու է նրան, որ աշխատավարձերի բարձրացումը զրոյական ազդեցություն է ունենալու, այսինքն՝ մարդու եկամուտը մի փոքր ավելանում է, բայց մյուս կողմից՝ ավելանում են նաեւ ծախսերը:

-Ձեր գնահատականներն ինչ-որ հիմքեր ունեն: Բայց ես ձեզ ասում եմ մեր այն հիմքերը, այն տվյալները, որոնց հիման վրա մենք մեր քաղաքականությունն ենք մշակում:

-Դուք ասացիք, որ 160 հազար մարդ է նվազագույն աշխատավարձ ստանում, այսինքն՝ ստացվում է մեր երկրի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Իսկ մյուսների եկամուտները նույնն են մնալու, ավելին, ավելանալու են նաեւ ծախսերը:

-Արդյո՞ք դա ընդամենը 5 տոկոսն է: Մենք խոսում ենք նվազագույն աշխատավարձ ստացող անձանց մասին, ովքեր ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին:

-Իսկ մյուսները՞:

-Արդեն ասացի, որ նոր համակարգ է մշակվում:

-Բայց մինչ նոր համակարգը մարդիկ պետք է ապրեն, չէ՞:

-Իհարկե, պետք է ապրեն:

-Չե՞ք վախենում սոցիալական բունտից:

-Չեմ կարծում, որ նման բան տեղի ունենա:

-Ինչո՞ւ: Մարդիկ կհամակերպվե՞ն, թե՞ կարտագաղթեն:

-Որովհետեւ կառավարության կողմից համապատասխան քաղաքականություն է վարվում, ինչի մասին ես արդեն խոսեցի:

— Այնպիսի տպավորություն է, որ իշխանություններն այլեւս հանգիստ են նման հարցերում, քանի որ մտածում են՝ ժողովուրդը չի բողոքի, այլ միանգամից կարտագաղթի:

-Ես չեմ կարծում, որ նման խնդիր կա, որովհետեւ մեր քաղաքացիները աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ են: Եվ այն քաղաքականությունը, որ իր հնարավորությունների սահմաններում վարում է կառավարությունը, հնարավորություն է տալիս աստիճանաբար լուծել խնդիրները:

-Պարոն Ասատրյան, բայց որքան նայում ենք՝ հասարակական լուրջ դժգոհությունն անխուսափելի է, եթե բունտ էլ չլինի, ապա հասարակության շրջանում դժգոհությունը կշատանա, մանավանդ որ այս թանկացումները վերաբերելու են բոլորին՝ առանց բացառության:

— Կառավարությունն իրականացրել ու իրականացնում է համապատասխան ծրագրեր: Ինչպես գիտեք՝ նախորդ տարիներին որոշակիորեն փոխհատուցելու ենք սոցիալապես անապահով ընտանինքների գազի ծախսերը: Այդ ծրագրերը լինելու են շարունակական: Բոլոր հնարավոր ռեսուրսներն ուղղվում են, առաջին հերթին, սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների լուծմանը: Իսկ սոցիալական պաշտպանութայն ոլորտի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի 30 տոկոսը:

— Եվ վերջում՝ Ձեր ընտանիքի ծախսերի վրա շատ մեծ ազդեցություն կունենա՞ն առաջիկայում սպասվող թանկացումները:

— Ինչ խոսք, ազդեցություն կունենա:

— Այդքանից հետո կդժգոհե՞ք ստեղծված իրավիճակից, թե՞ ոչ:

— Ես ոչ թե խնդիր ունեմ իրավիճակից դժգոհելու, այլ՝ խնդիրները լուծելու:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Ոտքի վրա հայտարարություններ անելն արդարացված չէ’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու ավտոկայանից բացակայում են Գյումրի-Երեւան միկրոավտոբուսները’