‘«Սոցիալական արդարություն» կուսակցությունը շնորհավորում է ԼՂՀ անկախության կապակցությամբ’

1769

Հարգելի համաքաղաքացիներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի նախօրեին շնորհավորում ենք ձեզ այդ օրվա կապակցությամբ, որը Ղարաբաղի բազմադարյա պատմության մեջ ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը և  բոլորիս հույս ներշնչեց ու  առաջ մղեց  կառուցելու նոր կյանք՝ սիրո, հավասարության, ազատության և արդարության հիմքերի վրա: 23 տարի առաջ մեր մարզի բոլոր բնակիչները, մի մարդու պես, իրենց զգացին ազատ ու անկախ երկրի  քաղաքացիներ և գիտակցաբար իրենց ուսերին առան ադրբեջանական ագրեսորին ռազմական դիմակայություն ցույց տալու  և պատերազմական և հետպատերազմական դժվարությունների բեռը: Չնայած անմարդկային դժվարություններին ու փորձություններին, որոնք բաժին ընկան մեր ժողովրդին, նա դիմացավ, նա հաղթե՛ց և սկսեց կառուցել իր երկիրը: Մեզ բոլորիս դեպի հռչակված արժեքներն էին առաջնորդում  թե՛ ընդհանուր վիշտը, թե՛ ընդհանուր ուրախությունը, թե՛  հավասարության, արդարության և մարդու իրավունքների հարգանքի վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու առաջին ընդհանուր հաջողությունները: Մարդու արժանապատվությունը բարձրագույն չափանիշն էր և նոր երկրի կառուցման առանձնահատկությունը…

Անցել է 23 տարի… Այսօր մենք մի երկրի քաղաքացիներ ենք, որոնք կասկածում են իրենց անամպ ապագային, ավելի շատ են մտահոգվում հանապազօրյա հացի և առօրյա մարդկային պահանջմունքները բավարարելու մասին, որոնք ներկայիս  կոռումպացված և ոչ կոմպետենտ  իշխանությունը խլել է մեզնից: Եվ ամենասարսափելին ու ամենամեծ հանցանք այն է, որ նա մեզնից խլել է մեր ղարաբաղյան երազանքը: Իշխանությունն օկուպացրած մարդիկ դեռ ժողովրդին պատասխան են տալու ոգևորությանը փոխարինած հուսահատության,  արժանապատվությանը փոխարինած ստորացման, սիրուն փոխարինած արհամարհանքի, հավասարությանը փոխարինած՝ հասարակության շերտավորման և մեր մեծ երազանքը մսխելու համար:

Հարգելի համաքաղաքացիներ

Վաղը լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձը: 23 տարի մենք միասին կերտել ենք մեր պատմությունը, ինչի շնորհիվ մենք կանք և ապագայի ծրագրեր ենք կազմում: Երբեք մի՛ տրվեք վախին և մի՛ խոնարհվեք որևէ մեկի առաջ: Հասարակ քաղաքացիներն են կառուցում և առաջ տանում իրենց երկիրը: Մի՛ մոռացեք, որ դուք այն ժողովուրդն եք, որը հաղթել է հզոր հակառակորդին՝ արժանանալով ամբողջ աշխարհի հիացմունքին… և դուք այն ժողովուրդն եք, որը դեռ ընդունակ է զարմացնել աշխարհին՝ կառուցելով ծաղկուն ժողովրդավարական երկիր, որը հիմնված կլինի օրենքի գերակայության, հավասարության, ազատության և սիրո սկզբունքների վրա:

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյան 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1,4 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան դիվանագետը լրտեսության մասին լուրերից հետո կանչվել է Թուրքիայի ԱԳՆ’