‘
Անկուսակցական սոցիալիստ-սենատոր Բեռնի Սանդերսը մտադիր է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել 2016 թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է USA Today-ին տված հարցազրույցում:
«Ես կմասնակցեմ ընտրություններին, որպեսզի հաղթեմ»,- ասել է Սանդերսը: 73-ամյա սենատորը խոստովանել է, որ ամերիկացիների մեծ մասն իր մասին երբևէ չի էլ լսել, մինչդեռ փրայմերիզի իր հավանական մրցակցին՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գիտի քաղաքացիների 90 տոկոսը: Միևնույն ժամանակ, սենատորը հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի փող հավաքել ընտրարշավի համար: Ընտրողները, հայտարարել է Սանդերսը, հիասթափված են «կորպորատիվ Ամերիկայի ագահությունից» և քաղաքական վերնախավից, նրանք հիմնավոր փոփոխություններ են ցանկանում՝ որ «կառավարությունն աշխատի սովորական ամերիկացիների համար, այլ ոչ թե միայն միլիարդատերերի»:
Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից իր առաջադրման մասին հայտարարել է ապրիլի 12-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ առիթով ասել է, որ նա ԱՄՆ-ի «հրաշալի նախագահ կլինի»:
Հանրապետականներից ներկա պահին իրենց առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել են սենատորներ Թեդ Քրուզը և Ռենդ Փոլը: Սպասվում է, որ այդ կուսակցությունից ընտրություններին կմասնակցեն նաև Ջեբ Բուշը՝ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը, Նյու-Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Լինդսի Գրեմը և Մարկո Ռուբիոն: Փոխանցում է lenta.ru-ն:
‘