‘Սոցիոլոգ. «Ավելի կոռեկտ սոցհարցման դեպքում Սերժ Սարգսյանը կունենա 24 %»’

1273

ԵՊՀ-ում դասախոսող սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.

Փետրվարի 7-ին Գելլափը հրապարակել է սոցիոլոգիական հարցման տվյալներ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, որին մասնակցել են 1080 քաղաքացի Երևանից և մարզերից: Ըստ այդ հարցման արդյունքների հարցին, թե ում օգտին կքվեարկեին, եթե առաջիկա կիրակի լիներ ընտրությունը, ըստ կողմնորոշված ընտրազանգվածի՝ 68 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր Սերժ Սարգսյանի օգտին: 24 տոկոսը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, երրորդ տեղում 5 տոկոսով Պարույր Հայրիկյանն է, իսկ չորրորդը՝ 2 տոկոսով Հրանտ Բագրատյանն է: Այսպես կոչված կողմնորոշված ընտրազանգված ներկայացվում են այն մարդիկ, ովքեր հարցման ժամանակ նշել են որևէ թեկնածուի անուն: Միևնույն ժամանակ հարցման արդյունքներով չեն երևում այն մարդկանց տոկոսները, ովքեր պատասխանել են, որ գաղտնիք է, թե ում են ընտրելու: Սովորաբար նման հարցումներում պետք է ներկայացվի ամբողջական պատկեր, այն է՝ թեկնածուի օգտին քվեարկող մարդկանց թիվը և տոկոսը, մարդկանց թիվը, ովքեր դեռ չեն կողմնորոշվել (դժվարացել են պատասխանել) և այն մարդկանց թիվը և տոկոսը, ովքեր գաղտնի են համարում որևէ թեկնածուի անուն նշելը հարցման ժամանակ: Այսպիսով, միևնույն ժամանակահատվածում իրականացված մեկ այլ հարցման ժամանակ հարցվածների 44%-ը նշել է, որ գաղտնիք է, թե ում է ընտրելու իսկ 21%-դժվարացել է պատասխանել, ինչը նշանակում է, որ հարցվածների 65%-ը որևէ թեկնածուի անուն չի նշել: Եթե Գելլափի հարցման տվյալները ներկայացվեն ամբողջական տեսքով ինչպես հարկն է, մասնավորապես Սերժ Սարգսյանը կստանա ոչ թե 68% այլ ընդամենը 24%: Ընդդիմադիր թեկնածուները միասին վերցված կստանան 11% միևնույն ժամանակ մարդկանց 44%-ի ձայները ովքեր գաղտնիք են համարել, թե ում են ընտրելու ամենայն հավանականությամբ կբաշխվեն ընդդիմադիր թեկնածուների միջև: Եթե հաշվի առնենք նաև չկողմնորոշված մարդկանց 21%-ին, մենք կստանանք բավական ոչ միանշանակ իրավիճակ: Գելլափի և այլ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից տվյալների հատվածային և ոչ լրիվ ներկայացումը ոչ այլ ինչ է, քան խաբեություն և մարդկանց ապակողմնորոշելու հնարք: Լրատվամիջոցներին հորդորում եմ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելիս հարցում իրականացնող կազմակերպություններից պահանջել հարցման ամբողջական պատկերը:

 

Նախորդ հոդվածը‘Թուրք-սիրիական սահմանի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում անհայտ անձը դատարանում կրակ է բացել. Կան զոհեր’