‘Սոցիոլոգ. Ոչ իշխանական ուժերը կկարողանան համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ’

774

Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները`Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կկարողանան համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը: «Ի տարբերություն անցած տարիների նախաձեռնություններին, երբ 4 խմբակցությունները տարաձայնություններ ունեին, այսօր գոյություն ունի միասնական դիրքորոշում: Նրանք իրենց գործողությունների համակարգման, համաձայնեցման որոշակի փորձ ունեն: Բացի այդ, վերջին ամիսներին կառավարության անդամները, ըստ էության, այդպես էլ չեն կարողացել խելամիտ պատասխաններ տալ խորհրդարանում ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերին, որոնք վերաբերում են թե՛ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերին, թե՛ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, թե՛ ՀԷԿ-երի Որոտանի կասկադի վաճառքին: Պետք է նշել, որ ընդդիմությունն այսօր շատ գրագետ է գործում, և վերջինիս հաջողվում է դժվար դրության մեջ դնել ինչպես խորհրդարանական մեծամասնությանը, այնպես էլ կառավարության անդամներին»,- նշել է Պողոսյանը:

Կառավարության կիսակատար, ոչ որակյալ աշխատանքի ակնհայտ վկայությունը սոցիոլոգը համարում է Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ստորագրումը:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել այդ համաձայնագրերը, և խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժել մեղավորներին: «Ծիծաղելի իրավիճակ է`ստորագրել են պայմանագիրը, վավերացրել, հետո միայն որոշել ուսումնասիրել այն ու գտնել մեղավորներին: Դա չմտածված քաղաքականության հետևանք է, և ասվածը վերաբերում է իշխանության բոլոր վերջին որոշումներին: Հայաստանի հանրապետական կուսակցության համար դժվար չէ վերևից ստացած հրահանգով ցանկացած օրինագիծ անցկացնել խորհրդարանում`խորհրդարանական մեծամասնության շնորհիվ: Եվ երբ ընդդիմությունն սկսում է ուսումնասիրել այդ որոշումները և դրանց դեմ հստակ փաստարկներ բերել, ի հայտ են գալիս այս կամ այն որոշման բոլոր թերությունները»,- նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը միանում է «Երկրի ժամը» ակցիային’
Հաջորդ հոդվածը‘Հայ զբոսավարների գիլդիան դժգոհ է Գառնիի տաճարի մոտ սրճարան կառուցելու նախագծից’