‘
Ֆրանսիացի հնագետները Սուդանի տարածքում անցկացվող պեղումների արդյունքում հայտանաբերել են 35 բուրգեր և պարզել, որ Քուշ պետության բնակչության համար թաղման կացարաններ կառուցելու սովորույթը, ի տարբերություն եգիպտացիների, մեծապես դուրս է եկել իշխող դասակարգի սահմաններից, հաղորդում է Artdaily.org.-ը:
Պեղումներն անցկացվել են մոտավորապես 40 հա-անոց համալիրի տարածքում, որտեղ հայտնաբերվել է ավելի քան 1000 գերեզման: Դրանց ընդամենը մեկ քառորդն է առայժմ բացվել և ուսումնասիրվել գիտնականների կողմից: Հայտնաբերված գերեզմանների թվում միայն մեկն է, որին ձեռք չեն տվել գանձեր որոնողները: Այնտեղ հաջողվել է գտնել չորս-հինգ տարեկան երեխայի աճյուն, որի մարմինը զարդարված է եղել բրոնզե ապարանջաններով և դեկորատիվ օձիքով: Համալիրի տարածքում հայտնաբերված բուրգերը խիստ տարբեր են չափերով, ընդ որում՝ նրանցից մի քանիսի բարձրությունը նույնիսկ մեկ մետրի չի հասնում: Հիմնականում դրանք կառուցված են կավե աղյուսներից, ինչն էժան արժեր և հասանելի էր Քուշի բնակչության «միջին դասին»:
Քուշ պետությունը, Մեռոե մայրաքաղաքով, գոյություն է ունեցել ժամանակակից Սուդանի հյուսիսում մ.թ. ա. IX դարից մինչև մ.թ. IV դարը: Պատմականորեն նա եղել է Հին Եգիպտոսի ուժեղ ազդեցության տակ, որից էլ փոխառել է բուրգեր կառուցելու ավանդույթը: Քուշի բուրգերը, սակայն, լավ չեն ուսումնասիրվել: Դրանց պեղումներն սկսվել են մոտավորապես 100 տարի առաջ, իսկ այժմ այդ աշխատանքները դժվարացել են բազմաթիվ տարածքային վեճերի կապակցությամբ ծագած հակամարտությունների պատճառով, հաղորդում է lenta.ru-ն:
‘