‘Սունդուկյանի թատրոնի վերանորոգման վարկը շատ կասկածելի պայմաններ ունի’

1592

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կհագեցվի ժամանակակից ձայնային և լուսային սարքավորմամբ:

Նախօրեին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: Նշենք, որ մինչ այժմ անհայտ է մնում տրամադրվելիք վարկի տոկոսոադրույքը: Հայտնի է միայն, որ 6.5 տարին արտոնյալ է լինելու՝ 0% տոկոսադրույքով, մնացած 16.5 տարիների համար նախատեսված տոկոսադրույքը գաղտնի է պահվում:

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, արտգործնախարարությունը, վարկային այս համաձայնագրին դեմ է եղել, քանի որ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է «անդառնալիորեն հրաժարվել» Ավստրիայում իրեն պատկանող գույքի նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից: Սա ենթադրում է, որ հետագայում դատական վեճի ժամանակ բանկը հնարավորություն կունենա բռնագրավել Հայաստանի դեսպանության գույքը, արգելանքի տակ դնել դեսպանության բանկային հաշիվները:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, ծրագրի իրականացման շնորհիվ թատրոնը կհագեցվի ժամանակակից ձայնային և լուսային սարքավորմամբ: Բացի այդ, կվերանորոգվի բեմը և կփոխարինվի վերջինիս մեխանիկական սարքավորումը, կնորացվեն հանդիսասրահի նստելատեղերը: Ծրագրի իրականացման ժամկետները դեռ հայտնի չեն: Դավթյանը չի բացառել, որ նախատեսված վերանորոգման բոլոր աշխատանքների համար մի քանի ամիս պահանջվի:

Հիշեցնենք, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մոտ 10 տարի առաջ վերանորոգվել էր «Լինսի» հիմանդրամի միջոցներով:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ է բնութագրել Կառավարության այս որոշումը:

«Ստացվում է, որ Կառավարությունը փող չունի մշակութային օբյեկտները վերանորոգելու, բայց միշտ փող է գտնում ադմինիստրատիվ գերճոխ շենքեր կառուցելու համար, օրինակ՝ Կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղը հարկատուների վրա նստել է 152 միլիոն դոլար: Մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսել է Պետեկամուտների կոմիտեն՝ Դիլիջանում այսպես կոչված՝ ուսումնական կենտրոն կառուցելու համար, որի զբաղեցրած տարածքը մոտ 27 հեկտար է», — մատնանշել է Գևորգյանը:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են 2014թ. լավագույն կիսապաշտպանների հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘ Goal-best. շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)’