‘«Սուչի Զոնա»’

1665

Ճիշն ասած՝ մինչև նոյեմբեր 5-ի դեպքերը երբևէ չէի լսել այս արտահայտությունը, սակայն այդ օրվա դեպքերը ստիպեցին ավելի լուրջ ձևով վերլուծության ենթարկել այն, քանզի ի սկզբանե էլ պարզ էր, որ այս արտահայտությունը ամենահամապարփակն է արտահայտում Հայաստանի ներկայիս վիճակը:

Ցանկացած հասարակության մեջ կան մատնիչներ էլ, դավաճաններ էլ, մարմնավաճառներ ու մանկապիղծներ էլ, այլ կարգի տարատեսակ հանցագործներ էլ, սակայն «Սուչի Զոնայի» տարբերությունը մնացած այլ երկրներից այն է, որ վերոնշյալ երևույթները ոչ թե դատապարտվում են հասարակության կողմից, այլ իշխանությունները ամեն ինչ անում են, որ նման երևույթները շատանան ու զարգանան:

Չեմ ուզում համեմատել Սուրիկ Խաչատրյանի արարքն ու Վարդան Պետրոսյանի արարքը, երկու դեպքում էլ մարդիկ են մահացել, սակայն երբ այդ մահվան դեպքերի միջև հավասարության նշան է դրվում, դառնում է «Սուչի Զոնա»:  Երբ Մարտի 1-ին հազարավոր մարդկանց, այդ թվում՝ բանակի ու ոստիկանության աչքի առաջ սպանվում են մարդիկ, ու մինչ օրս չեն կարողանում «հայտնաբերել» մարդասպաններին, երկիրը վերածվում է «Սուչի Զոնայի»: Երբ Հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանում են հայտնի օլիգարխի թիկնապահները, ու որևէ կերպ այդ սպանությունը չի ազդում նշված օլիգարխի գործունեության վրա, ու նա նույն կերպ շարունակում է մնալ գործող «նախագահի» հենարանը, երկիրը դառնում է «Սուչի Զոնա»: Երբ մի քանի ակտիվ պայքարողներին օրը ցերեկով, ոստիկանների աչքի առաջ գողանում են ու «սամասուդ» անում, երկիրը վերածվում է «Սուչի Զոնայի»: Երբ Անվտանգության խորհուրդը վստահվում է մի մարդու, ով  օտար երկրի հատուկ ծառայություններին Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին տեղեկատվություն հանձնելու համար նախորդ «նախագահի» կողմից անվանվել էր ազգի դավաճան, իսկ գործող «նախագահն» էլ այդ ԱԽՔ-ին անվանում է «բարոյականության տիպար», երկիրը վեր է ածվում «Սուչի Զոնայի»:

«Սուչի Զոնայի» վերածված լինելու պարամետրերը այսօր Հայաստանում այնքան շատ են, որ անվերջ կարելի է թվարկել, սակայն հարցն այլ է՝ ինչպե՞ս դուրս գալ այդ զոնայից:

Շանթ Հարությունյանը ձերբակալությունից մի ամիս առաջ ֆեյսբուքում մի գրառում թողեց, որտեղ պատմում էր իր ծանոթի մասին, թե նա ինչպես է ֆիդայի դարձել: Արցախյան պատերազմի տարիներին ընկերներով գնում են մարմնավաճառի մոտ, իսկ այս մարմնավաճառը ընկերներից մեկին անվանում է արվամոլ: Երբ ընկերը սկսում է հայհոյել այդ մարմնավաճառին ու բացատրություն պահանջել վիրավորանքի համար, մարմնավաճառը պատասխանում է՝ եթե դուք այժմ զվարճանքներով եք զբաղված ու պատերազմական վիճակում գտնվող երկիրը չեք պաշտպանում, վաղը թուրքերը առանց խոչընդոտի կհասնեն ձեր տները և կբռնաբարեն և՛ ձեզ, և՛ ձեր ընտանիքի անդամներին. Հետեւաբար՝ դուք արվամոլ եք: Այս խոսքերից ազդված՝ Շանթի ծանոթները հայտնվում են Արցախյան ճակատում:

Իհարկե, Շանթը ավելի «հյութեղ» ձևով էր այս ամենը ներկայացնում՝ շաղախված հայհոյանքներով ու «բաց տեսարաններով», սակայն իմաստը դրանից չի փոխվում:

Գրառման տակ մի քոմենթ եղավ, որտեղ նշվեց, որ եթե Հայաստանում այժմ փոփոխություն չլինի, ու երկրի բնակիչները հիասթափությունից ու անզորությունից շարունակեն լքել երկիրը, ապա թուրքերը առանց մեծ ջանքերի կհասնեն մինչև Երևան, որից հետո կլինի այն, ինչ կանխատեսել էր Շանթի պատմած մարմնավաճառը: Գրառումը վերջանում էր նրանով, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլինի, մենք բոլորս, անկախ մեր զբաղեցրած դիրքից ու տղամարդկության աստիճանից, պոտենցիալ արվամոլ ենք:

Այստեղից էլ հետևություն. «Սուչի Զոնայում» չապրելու միակ պայմանը բոլորիս ներգրավվածությունն է պայքարին, առանց որի կշարունակենք բնակվել այնպիսի երկրում, որին արժանի ենք:

Զարզանդ Զարմանազանյան

 

Նախորդ հոդվածը‘Սեւանա լճում փնտրում են երկու ձկնորսների ‘
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Սովորական՝ ճղճիմ, զարգացման որեւէ ազդակ չպարունակող բյուջե’