‘Սուտը՝ որպես իշխանության մնալու երաշխիք’

1469

Ինչպես երևում է Սերժ Սարգսյանի կողմից վերջին ամիսներին ծավալվող գործունեությունից, նախագահականում վերջապես բացահայտել են բանավոր խոսքի ազդեցիկությունը: Սակայն երևի թե ոչ մեկը նրանց չի զգուշացրել, որ ցանկալի էֆեկտը ստանալու համար խոսքը պիտի համեմված լինի փաստերով և գոնե մի քիչ առնչություն ունենա իրականության հետ:

Հոկտեմբերի 6-ին Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հերթական նախընտրական ներկայացումը: Սակայն այս անգամ ոչ թե խորհրդակցության, այլ համաժողովի տեսքով, որին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից:

Սերժ Սարգսյանն իհարկե այս անգամ էլ չհիասթափեցրեց մեզ: Նրա ելույթը, ինչպես  միշտ, առաջին հայացքից «անշառ» կարող է թվալ, սակայն ուշադիր լսելու կամ ընթերցելու դեպքում մենք կրկին հասկանում ենք, որ գործ ունենք հերթական ինքնախոստովանության կամ մարդկանց հիմարի տեղ դնելու փորձի հետ:

Սերժ Սարգսյանին իր այս՝ արդեն սովորական դարձած գործելաոճի ողջ դատարկությունն ի ցույց դնելու համար կարելի է առաջարկել, առանց այսպիսի լայնածավալ կազմակերպչական աշխատանքների, հարյուրավոր ներկաների ու տասնյակ տեսախցիկների՝ մի օր դուրս գալ փողոց, կանգնեցնել առաջին իսկ անցորդին և դեմքի նույն արտահայտությամբ արտաբերել այն նույն  նախադասությունը, որով նա սկսեց իր ելույթը ջերմուկյան համաժողովում. «Այսօր ունենք մի իրականություն, երբ մեր տնտեսական ցուցանիշները սկսել են լրջորեն բարելավվել, նկատելի ձեռքբերումներ ենք արձանագրել ընտրական գործընթացներում, բավականաչափ ամուր դիրքեր ունենք սահմանների պաշտպանության և միջազգային ասպարեզում Հայաստանի դերի ավելացման հարցերում»:  Համոզված կարելի է ասել, որ այս միտքն ավարտելուն պես Սարգսյանը կդառնար ծիծաղի առարկա կամ կարժանանար իր հնգամյա ամբողջ գործունեույթունը բնութագրող բյուրավոր հայհոյանքների:

Ցանկացած, տրամաբանության ունակ մարդ կտար շատ պարզ հարց. «Եղբայր, եթե կա առաջընթաց, ապա ինչո՞ւ է Հայաստանը օրական մի քանի հարյուր մարդով դատարկվում, ինչո՞ւ է աճում  գործազրկությունը, աղքատությունը, ինչո՞ւ է այսքան ցածր իմ աշխատավարձը, ո՞նց ես ապրեմ այս թոշակով: Եթե դու ձեռքբերումներ էս արձանագրում ընտրական գործընթացներում, եթե դու ու քո կուսակցությունն իսկապես ունեք այնքան ձայն, ինչքան որ ցույց էք տալիս, ապա ինչո՞ւ էք ինձ վճարում որ ես ձեզ ընտրեմ, ինչո՞ւ եք իմ ձայնն ստանալու համար ինձ վախեցնում աշխատանքից զրկելով: Ինչո՞ւ էք շրջանառության մեջ դնում հազարավոր կեղծ անձնագրեր, ինչո՞ւ էք կազմակերպում երկակի քվեարկություն, ինչո՞ւ էք ավելացնում ընտրողների թիվը ցուցակներում, երբ պարզից էլ պարզ է, որ բնակչության թվի նվազման պայմաններում ոչ մի հրաշքի արդյունքում ընտրողների թիվը չի կարող ավելանալ:

Կամ ի՞նչ սահմանների պաշտպանվածության մասին է խոսքը: Ումի՞ց է պաշտպանված մեր սահմանը, կամ ումի՞ց պիտի պաշտպանված լինի, երբ ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանությունների պատճառով ավելի շատ զինվոր է մահանում քան թշնամու գնդակից: Երբ Սերժ Սարգսյանն ինքն է ընդունում, որ մեծացել է պատերազմի վտանգը` բնական հարց ծագում. ո՞նց կարող են զուգահեռաբար աճել և սահմանների պաշտպանվածությունը, և պատերազմի վտանգը:  Ի՞նչ միջազգային դերի բարձրացման մասին է խոսքը, երբ մենք մեր ձեռքով առևտրի առարկա ենք դարձրել Արցախը և Ցեղասպանության հարցը, երբ մեզ ընդհանրապես գործոն չհամարելով ու մեզ «նեղացնելուց» վտանգ չտեսնելով` արտահանձնում և այնուհետև հերոսացնում են հայասպանին…»:

Բայց պարզվում է, որ նախագահի աթոռին նստած մարդը նույնպես կիսում է այս մտահոգություններն ու տեղյակ է մեր խնդիրներին և, ինչը շատ զարմանալի է, նաև դրանց պատճառներին, ինչի մասին վերջինս անկեղծանում է իր ելույթի արդեն մյուս հատվածում. «Հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջև ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: Մենք փոխելու ենք, իհարկե, այս իրավիճակը, մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու և հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը, միակ անխոցելի և հեռուն տանող ճանապարհն է: Բայց պետք է արդյունքներ տեսնեն մարդիկ, պետք է վստահ լինեն, որ բոլոր իրականացվող գործողություններն այդ նպատակին են ծառայում: Մարդիկ պետք է հավատան, ուղղակի հավատան»:

Ահա թե որտեղ է թաքնված «շան գլուխը»: Իսկ մեզ` միամիտներիս մոտ արդեն արդեն թյուր կարծիք էր ձևավորվել, թե մեր խնդիրներն ատկատներն ու «քեռու տղաներն» են, իսկ մեղավորները՝ «մեծ գլուխները»: Թեև շատ հնարավոր է, որ «մեծ գլուխներ» ասվածի տակ Սերժ Սարգսյանը հենց հասարակությանն էլ նկատի ուներ, այդ չարագործ հասարակությանը, որն այս դժվար պայմաններում համարձակվում է չհավատալ  իրեն և դժգոհել սովից ու գործազրկությունից:

Այո, մեր իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անպատժելիության ու մեր հանդուրժողականության արդյունքում հասել են ցինիզմի այնպիսի  աստիճանի, որ համարձակվում են անկաշկանդ մեղադրել ժողովրդին: Ստացվում է, որ երկիրը իրենց, իրենց եղբայր սաշիկների, իրենց փեսա միշիկների կողմից թալանելու, նեմեցների կողմից անմեղ քաղաքացիների սպանության, պաշտոնյաների ամենաթողության և պետական կառույցների անգործության մեղավորը մենք ենք` ՀՀ քաղաքացիներս, որ հանդգնում ենք չհավատալ և կասկածել, որ մարդասպանը, արյան և հալածանքների գնով իշխանության եկածը կարող է երկիր ղեկավարել և մտածել մարդկանց բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի մասին:

Իրականում սա միշիկական քարոզչամեքենայի կողմից օգտագործվող հին ու բարի հնարքն է. բոլորը, բացարձակապես բոլորը` նախարարները, պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, իրավապահները, դատավորները, օլիգարխները և, վերջապես, հասարակ մարդիկ մեղավոր են և պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար՝ բացի Սերժ Սարգսյանից: Սրանք բոլորը խոչընդոտում են նրա բարի նպատակների իրագործմանը, և այլն:

Ակնհայտ է, որ ջերմուկյան ելույթը նույնպես միտված էր գալիք ընտրություններից առաջ հնարավորինս իշխանական թեկնածուի վարկանիշը բարձրացնելուն: Բայց մի բան պարզ չէ. Սերժ Սարգսյանն այս խոսքերով ո՞ւմ վրա է փորձում տպավորություն գործել:  

Գուցե ամիսներ առաջ համացանցում անհայտ թռչող սարքի լուսանկարներն իսկապես Հայաստան եկած այլմոլորակայինների լուսանկարնե՞ր էին, և գուցե նախագահականում գիտեն այդ մասին և փորձում են այս մեթոդներով շահե՞լ նրանց համակրանքը: Հակառակ դեպքում, բացի Լուսնից կամ Մարսից վերջերս իջած այլմոլորակայիններից, էլ ո՞ւմ կարելի համոզել, որ Հայաստանն ունի լրջորեն բարելավվող տնտեսական ցուցանիշներ, ունի նկատելի ձեռքբերումներ ընտրական գործընթացներում և առավելևս՝ պաշտպանված սահմաններ ու միջազգային ասպարեզում դերի ավելացում: Մի՞թե պարզ չէ, որ այսօր Հայաստանում հնարավոր չէ որևէ մեկին խաբել խոսքերով ու թվերով:

Սակայն եթե Երկիր մոլորակ այցելած հյուրերի տարբերակը թողնում ենք մի կողմ, ապա կարելի է ենթադրել. Սերժ Սարգսյանին համոզել են, որ ինչքան շատ հրապարակային սուտ խոսի, այնքան ավելի մեծ է նրա՝ իշխանության մնալու հավանականությունը: Եվ միանշանակ է, որ այս սուտը չի ունենալու ավարտ, քանի դեռ ստով սնվողները հանդուրժում են նմանօրինակ ծաղրաժողովները: Շատացող սուտը պետք է դառնա ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրության, այլ  նախագահական աթոռից անխուսափելիորեն զրկվելու պատճառը:

 

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Արթուր Սաքունց. ԵԽԽՎ բանաձևն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղբանտարկյալներին ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ի հրթիռները կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք ‘