‘Սուտը և վիճակագրությունը. «Հայաֆիկացված» եվրաստանդարտներ’

1038

Հայաստանի վիճակագրությունը վերջին 10 տարիներին դարձել է ավելի իրական ու թափանցիկ: Նախօրեին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նման կարծիք են արտահայտել եվրոպական վիճակագրական կազմակերպությունների ներկայացուցիչները, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, թե որքանո՞վ է պաշտոնական վիճակագրությունն արտացոլում ներկայիս սոցիալական և տնտեսական իրավիճակը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նշված կազմակերպությունների հետ համագործակցում է եվրոպական ստանդարտների հաշվարկման և տվյալների մշակման գործընթացներում:

Հակառակ եվրոպական փորձագետների գնահատականների, հայ բազմաթիվ անհատ մասնագետներ, տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների ղեկավարներ, լրագրողներ և այլ սպառողներ գտնում են, որ Հայաստանում հրապարակվող տնտեսական և սոցիալական ստանդարտները շեղված են: Իսկ այն մասին, որ հիմնադիր տվյալների հրապարակումն ուշանում է եռամսյակներով և ավելի ժամկետներով, նույնիսկ խոսելն անիմաստ է:

Փորձագետներից մեկը, մասնավորապես, նշել է, որ եթե երկրի նախագահը չի զանգահարում պետվիճծառայություն ու չի ասում, որ «ինձ դուր չի գալիս հրապարակված ՀՆԱ-ն, տվեք ինձ մեկ այլ ՀՆԱ», ապա դա մեծ նվաճում կարելի է համարել, որը տեղի է ունենում եվրոպական բազմաթիվ ստանդարտների ներդրման շնորհիվ: Սակայն, հիշեցնենք, որ ոչ հեռու անցյալում, կառավարության հերթական նիստում (2012-ի հունիսի 8-ին) Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր դրեց, որ 2012 թվականի արդյունքներով երկրի տնտեսական աճը կազմի 7%, այն ժամանակ, երբ բյուջեով նախատեսվում էր 4.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք հրապարակվեցին արդեն հայտարարությունից հետո, 2012 թվականին ՀՀ տնտեսության աճը տարեկան կտրվածքով աճեց մինչև 7.2%:

Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս բազմաթիվ օգտատերեր իրենց կասկածներն են արտահայտում ինֆլյացիայի հրապարակված ցուցանիշների արժանահավատության առումով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014 թվականի հունվարին Հայաստանի սպառողական շուկայում ինֆլյացիան կազմել է 2.8%, 2013-ի հունվարի 2.9%-ի համեմատ: Փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը Ազգային վիճակագրական ծառայության գների և արտաքին համադրությունների վարչության ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին հարցրել է, թե ինչպե՞ս կարող է 2014 թվականի հունվարին ինֆլյացիան լինել, չնայած ոչ մեծ, բայց 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր, եթե միայն բանջարեղենի և մրգերի գծով նկատվել է կտրուկ գնաճ (բանջարեղենը և կարտոֆիլը թանկացել են 41.6%, իսկ միրգը` 10.6%): Պաշտոնյան տվեց հետևյալ պատասխանը. «Եթե չլիներ բանջարեղենի և մրգերի թանկացումը, ապա 2014 թվականի հունվարին կլիներ 0.2% դեֆլյացիա: Ապրանքների այդ խմբի զգալի թանկացմանը նպաստեց նաև Հայաստանի սպառողական շուկայում գների 3 տոկոսային կետով աճը»: Սակայն, նա մոռացավ հաշվի առնել էներգակիրների, ինչպես նաև ծառայությունների սակագների թանկացումը, իսկ թե ինչպիսի՞ն էր դրանց ազդեցությունն ինֆլյացիայի վրա, մնում է միայն գուշակել:

Ինչ վերաբերվում է եվրոպական ստանդարտների ներդրմանը, ապա նշենք, որ բազմաթիվ եվրոպական երկրներ պարբերաբար հրապարակում են կապիտալի արտահոսքի ծավալների մասին տվյալներ, իսկ հայկական վիճակագրության մեջ չես գտնի: Բացի այդ, 2008 թվականի պաշտոնական վիճակագրությունից անհետացան բնակչության եկամուտներն ու ծախսերը: Արտաքին առևտրի շրջանառության ամենամսյա հրապարակումներում բացակայում են նաև ներմուծման և արտահանման մասին տվյալները: Եռամսյակային հրապարակումներում սպառողական նվազագույն զամբյուղում բացակայում են ոչ պարենային ապրանքները, ինչպես նաև ծառայությունների սակագները: Երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ եռամսյակային հրապարակումներում բացակայում է մարդկանց ցանկն ըստ տարիքային խմբերի: Վերջին անգամ վիճակագրությունն աղքատության մակարդակի վերաբերյալ նորացվել է միայն 2012 թվականի կտրվածքով: Եվս մեկ փաստ, հենց որ Ազգային վիճակագրական ծառայությունը սկսեց ՀՆԱ-ն հաշվարկել դիսկրետ մեթոդով, ապա իսկույն ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը սկսվեց հրապարակվել երեք ամսվա ուշացումով, սակայն, տնտեսական ակտիվության ցուցանիշի հրապարակումն ուշանում է ընդամենը մեկ ամսով:

Իսկ այժմ անցնենք ամենագլխավորին: Տարբեր նախարարությունների կողմից պարբերաբար հրապարակվող վիճակագրական տվյալները հաճախ չեն համապատասխանում Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական, վերջնական վիճակագրությանը: Հարց է ծագում. Ո՞ւմ հավատալ: Եվ այստեղ ստիպված ես հավատալ Մեծ Բրիտանիայի 19-րդ դարի վարչապետ Բենջամեն Դիզրաէլին, ով ասել էր. «Գոյություն ունի ստի երեք տեսակ` սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը»:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը կրկին ԼՂՀ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու կոչ է արել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վերցնում ենք դժգոհություններն ու գնում հրապարակ’