‘Սուրիկ Խաչատրյանը ժողով արեց ու որոշեց, Գալուստ Սահակյանը դեռ չի հաստատում ‘

1281

News.am-ի փոխանցմամբ, Կապանում  կայացել է ՀՀԿ մարզային խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Վերջինս կայքին ասել է, թե խորհուրդը միաձայն որոշում է կայացրել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրել ՀՀԿ-ական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: 

Ավելին, նա ասել է, թե «խոսակցություններ են գնում, թե քննարկումը բուռն է եղել եւ իբր չենք կարողացել հայտարարի գալ: Բայց քննարկմանը կարծիքների բախում չի եղել: Եթե ես մի հարց քննարկում եմ, չի կարող կարծիքների բախում լինել: Քննարկումը տեւել է 3-5 րոպե եւ բոլորը միաձայն կողմ են առաջադրվել Արմեն Կարապետյանի առաջադրմանը: Օրակարգում եղել է մեկ հարց, որը քննարկվել է ինչպես կարգն է»:

Խաչատրյանը նշել է, թե վաղը Կարապետյանի թեկնածությունը կներկայացվի ՀՀԿ Գործադիր մարմնի հաստատմանը:

Այնինչ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Aysor.am-ին ասել է, թե ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա, թե ով թիվ 38 ընտրատարածքում կառաջադրվի որպես ԱԺ պատգամավորի թեկնածու:

Սահակյանն ասել է, թե տեղյակ է, որ Կապանում Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ տարածքային կազմակերպության նիստ է եղել և պետք է քննարկվեր նաև ընտրատարածքի պատգամավորի հարցը, սակայն, Գ. Սահակյանի խոսքով, դեռ վերջնական որոշում չկա: «Թեկնածուի հարցով դեռ վերջանական որոշում չկա, այն պետք է քննարկվի ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Որոշ անձանց վերաբերյալ քննարկումներ, տեսակետներ կան, սակայն դեռ չենք հրապարակում»- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին) նշանակվել էր Սյունիքի մարզպետ: Սյունիքի մարզպետի պաշտոնն էլ իր հերթին թափուր էր մնացել Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո: 

Նախորդ հոդվածը‘Եմենի մայրաքաղաքի փողոցները զրահատեխնիկա է մտցվել’
Հաջորդ հոդվածը‘Թունիսցիները կրկին տապալում են ռեժիմը’