‘Սուրիկ Խաչատրյան. Չի կարող լինել մարդ, որ ասի` Սյունիքի ընտրատարածքում կեղծարարություն նկատել է’

755

Չի կարող լինել մարդ, որ ասի` Սյունիքի ընտրատարածքում կեղծարարություն նկատել է: Այս մասին Azatutyun TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած պահանջին, թե մարզպետը պետք է հրաժարական տա: Նա նշել է, թե ցանկացած չընտրված թեկնածու կարող է Սյունիքով անցնել ու պահանջել նրա հրաժարականը, սակայն այդ մարդիկ պետք է հիմնավորում ունենան: Նա անդրադարձել է մասնավորապես Ագարակի արդյունքներին, որտեղ Սերժ Սարգսյանը հավաքել է շուրջ 85 տոկոս ձայն:

«Ագարակի ցուցանիշը ինձ համար էլ չի դուրեկան, որովհետև պետք է լիներ 100 տոկոս: 2008-ի ճգնաժամը հիշում ենք, Ագարակի կոմբինատը, որ էսօր գործում է, և ամբողջ Ագարակի բնակչությունը ընդգրկված է կոմբինատում, դա Սերժ Սարգսյան մարդու կատարած քայլն էր, որը չգիտես որտեղից, ինչպես կարողացավ այնպես անի, որ գործարանը աշխատի»,- ասել է Խաչատրյանը:

Պատասխանելով Սյունիքի արոտավայրերին վերաբերող հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը վստահեցրել է, թե դա ընդամենը հուշագիր է, որը դեռ օրենքի ուժ չի ստացել: Նա հղում է արել Հողային օրենսգրքին` ասելով, թե այնպես չէ, որ մարզպետն ինքնուրույն կարող է որոշումներ կայացնել:

«Հողերը համայնքային ենթակայության են, մրցութային կարգով են տրվում վարձակալության: Հարավային տարածքում ազատ հողեր չունենք, որ տրամադրենք սրան նրան, գյուղացիներին են տրամադրված երկարաժամկետ վարձակալության: Ոչ մի օրինակ ուժ չի ստացել, մտահոգվել պետք չէ»,- ասել է Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Կապանի քաղաքապետի հրաժարականի մասին խոսակցություններին, ապա Խաչատրյանը հայտնեց, թե այդպիսի խնդիր դրված չէ, ոչ մեկը հրաժարական չի պահանջում Կապանի քաղաքապետից, ինքը իր աշխատանքներն է անում, ու «կփորձի ավելի շատ աշխատի, դաս քաղի»: Նշենք, որ Կապանում Սերժ Սարգսյանը պարտվել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Խաչատրյանը հիշեցրել է, որ Կապանի քաղաքապետն ընտրվել է նախորդ տարվա սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և գուցե այդ ժամանակամիջոցում չէր կարող իրեն լիարժեք ցույց տալ:

Լրագրողը հարց է ուղղել նաև Կապանում գործազրկության, արտագաղթի տեմպերի մասին: Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրել է, թե առաջիկայում գործարաններ են գործարկվելու, որոնք որոշ չափով աշխատատեղերի խնդիրը կլուծեն: Նա նաև հայտարարել է, թե «ավելի լավ է կիսասոված մնալ, քան անհայրենիք»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Ս.-ը Սերժ. Թ.-ի երկրորդ նամակին ի պատասխան. Հիմնականում համաձայն եմ ‘
Հաջորդ հոդվածը‘Սոցցանցերում Սերժ Սարգսյանի ու Սերժ Թանգյանի նամակագրությունը բուռն արձագանք է առաջացրել’