‘«Սուքիաս Ավետիսյանի համար ծլկելը լավագույն տարբերակն է»’

885

«Ես վստահ եմ, որ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանա արտահերթ նիստին, որովհետև որևէ լրջագույն փաստարկ չունի, և այս պարագայում դեմարշն ու պարզապես ծլկելը լավագույն տարբերակն է»,- Panorama.am-ին ասել է  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կանխատեսելով, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին այսօր չի մասնակցի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ս.Ավետիսյանը:
Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ  հանձնաժողովը գործում է լեգիտիմության շրջանակներում, ըստ օրենքի՝ այն կարող է վարել նաև հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը. «Կարող եմ կանխատեսել, որ այսօրվա նիստում հանձնաժողովը կընտրի հանձնաժողովի նոր նախագահ»:

Նշենք, որ  Սուքիաս Ավետիսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե այդ նիստին չի մասնակցելու, քանի որ այն անօրինական է, և դրա նպատակը չի հասկանում։ «Սովորաբար՝ հաշվիչ հաձնաժողովն աշխատում է, երբ տեղի է ունենում հերթական կամ արտահերթ նստաշրջան։ Այլ ժամանակ հաշվիչ հաձնաժողովը որևիցե բան չունի անելու։ Ի՞նչ նիստ են անում… երևի պարապ են, անում են՝ իրենց գործն է։ Նման օրակարգով նիստ գումարելն անհիմն է։ Ի՞նչ է նշանակում 72 պատգամավորի քվեարկությունը ինչ-որ մարդիկ դնեն հարցականի տակ և փորձեն վիճարկել՝ օրինական են դրանք, թե ոչ։ Դա  հաշվիչ հաձնաժողովի գործը չէ: Եթե այդ ուժերը ուզում են, կարող են, եթե օրենքը թույլ է տալիս, դիմեն համապատասխան մարմինների: Հաշվիչ հանձնաժողովը չպիտի որոշի՝ մարդիկ օրինական են քվեարկել, թե՝ ոչ»: Այնուհետև, Սուքիաս Ավետիսյանը, մեղմ ասած, անակնկալ հայտարարություն է արել.

Պարոն Ավետիսյան, ոչ իշխանական ուժերը նշում են, որ քվեարկության ժամանակ դահլիճում հաձնաժողովի 7 անդամներից 2-ն են եղել, հաձնաժողովը նիստ չի գումարել, քվորում չի ունեցել, և քվեարկության վերաբերյալ որոշում չի կայացրել, ուստի քվեարկությունն անօրինական է։

-Նախ՝ հաձնաժողովի անդամներից երկուսը չէ, երեքն են եղել դահլիճում, և երկրորդ՝ որևիցե տեղ չի ասվում, որ եթե հաձնաժողովի անդամների մի մասը դուրս են գալիս, մյուս անդամներն իրավունք չունեն ձայների բանավոր անվանական հաշվում կատարել։

Իսկ որ ասում եք՝ երեքն են եղել հաձնաժողովից, ովքե՞ր են եղել։

-Ես, Խաչատրյան Իշխանը, Հովհաննիսյան Արայիկը։

Բայց Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ չէ։

-Ո՞վ ասեց, Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ է, որը փոխարինում է Վարդապետյան Տաճատին։

Բայց չի եղել նման փոփոխություն։ Ե՞րբ է եղել նման փոփոխություն։

-Այդ փոփոխությունը եղել է արտահերթ նստաշրջանը սկսվելուց առաջ։

Ո՞ր արտահերթը։Այս վերջի՞ն։ Բայց նման բան չի հրապարակվել, ոչ ոք չի իմացել։

-Հրապարակողը ես չեմ։ Դա եղել է, ու ինձ այդ փաստաթուղթը հասել է, որ հաձնաժողովում տեղի է ունեցել փոփոխություն։

Նախորդ հոդվածը‘«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակիչները ձվեր են նետել «Արցախբանկի» պատուհանների ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հիվանդանոցում մահացել է Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության երկրորդ մասնակիցը’