‘
Երեկ ուշ երեկոյան Երեւանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը` հայտնի որպես Յուվեցի Կարո:
Կարապետյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է եղել:
Սպանության առիթով հաղորդագրություններ են տարածել Քննչական կոմիտեն եւ Ոստիկանությունը:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, ում այս պահին վիրահատում են:
Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»
Ոստիկանությունն էլ փոխանցում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Aysor.am-ը փոխանցում է, որ կակսածյալը ԱԺ մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է` հայտնի որպես Կարամելի Հարութ: Ըստ կայքի, գործով հարցաքննվել է ԲՀԿ-ական Աբո Մանուկյանը (Հայկոոպի Աբո), որը ներկա է եղել միջադեպին: Ըստ կայքի, ԱԺ նախկին պատգամավորները գույքային վեճ են ունեցել, եւ հադիպել էին այդ վեճը կարգավորելու համար: Մանուկյանն էլ մասնակցել է դրան որպես երրորդ կողմ:
‘