‘
Կիևի մարզում անհայտ անձինք կրակահերթ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ադամ Օսմաևը և նրա կինը՝ Ամինա Օկուևան: Վերջինս զոհվել է, հաղորդել են Ուկրաինայի ազգային ոստիկանությունից:
Առաջինն այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր facebook-յան էջում: «Քիչ առաջ դադարեց բաբախել Ուկրաինայի պատրիոտ Ամինա Օկուևայի սիրտը: Նրա ավտոմեքենան գնդակոծվել է Կիևի մարզում, թփերի ետևից, և Ամինան զոհվել է: Ադամ Օսմաևը վիրավորվել է, բայց կյանքին վտանգ չի սպառնում»:
Ազգային ոստիկանությունում տեղեկացրել են, որ Կիևի և հարևան շրջաններում հայտարարվել է «Սիրենա» պլանը: Интерфакс-ը նշում է, որ գործողությունների այդ պլանը սովորաբար կիրառվում է զինված հանցագործների հետախուզման դեպքում:
Պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, որի օգնականն էր Օկուևան, իր Facebook-ում, գրել է, որ նրան սպանել են՝ կրակելով գլխին:
Այս տարվա հունիսին ծնունդով Չեչնիայից Ադամ Օսմաևի՝ Դոհար Դուդաևի անվան գումարտակի հրամանատարի նկատմամբ արդեն մի մահափորձ կատարվել էր: Այն ժամանակ նա հրազենային ծանր վնասվածք էր ստացել Կիևի կենտրոնում:
2012 թ. փետրվարին Օսմաևը ձերբակալվել էր Օդեսայում ուկրաինական ուժայինների կողմից՝ մի բնակարանում պայթյուն կազմակերպելու կասկածանքով: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու» և «ահաբեկչական գործողություն նախապատրաստելու» հոդվածներով:
Ռուսաստանի իրավապահ մարմինները Օսմաևին մեղադրում էին նրանում, որ նա իր հանցակցի հետ միասին պատրաստվել է մահափորձ կատարել Պուտինի դեմ: Օսմաևը պնդում էր, որ իրեն ձերբակալելուց հետո սպառնացել են խոշտանգել, եթե չխոստովանի, որ մահափորձ էր կազմակերպում Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ:
Փոխանցում է BBC-ն:
‘