‘Սպան ծեծել է զինծառայողին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պնդում է, որ գործը կոծկում են ‘

2782

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է զինծառայող Վանյա Կարապետյանին սպայի կողմից ծեծի ենթարկելու մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ապահովել դեպքի քննության հրապարակայնություն: Տարածված հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2012 թվականի սեպտեմբերին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու, դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող հերթական դեպքը:

Վանյա Կարապետյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2010 թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի 33651 զորամաս` 2-րդ գումարտակ, 5-րդ վաշտ: Վանյա Կարապետյանը ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որը զորակոչային բժշկական հանձնաժողովը և զինկոմիսարիատը հաշվի չեն առել: Մասնավորապես՝ դեռևս մանկուց Կարապետյանի աջ ցուցամատը միջնամասից կտրված է եղել, ինչպես նաև ունեցել է  ոտքերի այրվածք: Վանյա Կարապետյանին նման առողջական խնդրի պատճառով դպրոցում ազատել են գրավոր աշխատանքներ գրելու պարտականությունից, իսկ ոտքերի հիվանդության պատճառով դժվարություններ է ունեցել տևական ժամանակ կոշիկներ կրելու դեպքում: Զինկոմիսարիատում անուշադրության են մատնել այս փաստը, բուժհետազոտման ուղեգիր չեն տրամադրել և զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության:

Ըստ  Վանյա Կարապետյանի ծնողների հայտնած տեղեկատվության՝ դեպքը տեղի է ունեցել մարտական հենակետում 2012 թ-ի սեպտեմբերին: 2012 թ-ի սեպտեմբերի առաջին օրերին` մարտական դիրքերում հերթապահություն անցնելու ժամանակ, գիշերը ժամը 3-ին, վաշտի հրամանատար Գևորգ Քարամյանը եկել է ստուգման: Մարտական դիրքում գտնվող զինծառայողներին կապավորի քնած լինելու պատճառով շարվելու հրաման է տրվել: Վ. Կարապետյանը շարման հրամանի ժամանակ, ըստ ժամանակակարգի, եղել է քնած վիճակում եւ ուշանալու պատճառով 3 անգամ ծեծի է ենթարկվել թիկունքի գծով գումարտակի հրամանատարի տեղակալ Կամո Սարգսյանի կողմից՝ միաժամանակ կատարելով նրա հանվել-հագնվելու երեքանգամյա հրամանը:

Հայտնվում է նաեւ, որ Վ. Կարապետյանը մեկ անգամ ծեծի է ենթարկվում ուշանալու համար, մեկ անգամ՝ հերթապահությունն ավարտելուց հետո զենքը չմաքրելու համար եւ մեկ անգամ` վրանի պատռվածքի համար:

Կամո Սարգսյանը մարտական հերթապահության ընթացքում ծեծի է ենթարկել ոչ միայն Վ. Կարապետյանին, այլեւ մյուս զինծառայողներին, բացառությամբ սանհրահանգիչի եւ եւս մեկ հոգու:

Ի դեպ, Կամո Սարգսյանի վրանը զինծառայողների շրջանում հայտնի է եղել որպես «ռինգ»: Վերջինս զինծառայողների դաստիարակության որպես հիմնական մեթոդ կիրառել է  ծեծը, որը տեղի է ունեցել գումարտակի զինծառայողների գրեթե կեսի նկատմամբ:

Դիրքերից զորամաս տեղափոխվելուց հետո ուժեղ գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանը դիմել է բուժակին: Վերջինս նրան տվել է գլխացավի դեղեր, սակայն շարունակական գլխացավերի պատճառով Վ. Կարապետյանին տեղափոխել են Ալաշայի հոսպիտալ, մյուս օրը` Ստեփանակերտի, իսկ 2 օրից` ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ սեպտեմբերի 23-ին, նա ենթարկվել է վիրահատության: Այժմ Վ. Կարապետյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական շրջանում:

Ծնողների պնդմամբ՝ իրենց չեն հայտնել որդու` հոսպիտալում գտնվելու, նրան բժշկական ծառայություն տրամադրելու եւ առողջական վիճակի մասին տեղեկություններ. միայն Երևան տեղափոխված ժամանակ` վիրահատության նախորդ օրը, բուժքույրերից մեկը հեռախոսով տեղեկացրել է ծնողներին: Նրանց չի տրամադրվել նույնիսկ Վ. Կարապետյանի առողջական վիճակի մասին վկայող բժշկական փաստաթղթերը:

Բռնության դեպքի մասին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Վ. Կարապետյանի ծնողների 2 նամակներն էլ մնացել են անարձագանք:

Վ. Կարապետյանի ծնողները որդու նկատմամբ բռնության դեպքով հանդիպել են ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանդյանին, որը  խոստացել է անպայման միջոցներ ձեռք առնել և պատժել մեղավորներին: Սակայն, Կամո Սարգսյանը շարունակում է մնալ  ազատության մեջ եւ հայտնի չէ, թե արդյոք նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: Ավելին, բողոքների քննության ընթացքի վերաբերյալ քննիչը /կոչումով մայոր, անունը՝ Արտաշ/ հայտնել է, որ Կամո Սարգսյանը գտնվում է զորավարժությունների մեջ, եւ նրա նկատմամբ հնարավոր չէ քննչական գործողություններ իրականացնել:

Հայտնի չէ նաեւ, թե արդյոք քննչական գործողություններ իրականացվել են մյուս զինծառայողներին ծեծի ենթարկելու փաստի ուղղությամբ: Եթե Կամո Սարգսյանը շարունակում է ծառայությունը, ապա գտնվելով նրա հսկողության ներքո՝ զինծառայողները քննչական մարմիններին ի վիճակի չեն լինելու ներկայացնելու բռնության մասին օբյեկտիվ եւ պատշաճ բացատրություններ:

Սա որակվում է որպես քննչական մարմնի անգործություն, որը միտված է հանցագործության ծավալները կոծկելուն ու միայն Վ. Կարապետյանի դեպքով քննությունը տանելուն:

Հերթական անգամ արձանագրում ենք ՀՀ զինված ուժերում սպայի կողմից զինծառայողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող դեպքը:

Հերթական անգամ պաշտպանական գերատեսչությունը չի տեղեկացնում հանցագործության մասին, որը հանգեցրել է զինծառայողների կյանքի համար ծանր հետեւանքների: Նման իրավիճակը ակնհայտորեն անհամարժեք է զինծառայության կանոններին:

Սույն հայտարարությամբ պահանջում ենք ապահովել դեպքի քննության հրապարակայնություն»:

Նախորդ հոդվածը‘ Legatum Institute-ը հրապարակել է աշխարհի երկրների զարգացման մակարդակի ամենամյա աղյուսակը. Հայաստանը 98-րդ տեղում է ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան մերժել է Սիրիայի հետ երկխոսություն սկսելու՝ Ռուսաստանի առաջարկը ‘