‘
Աշխատանքի տեսչության պետ Վարազդատ Դանիելյանը և սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այօսր լրագրողների հետ խոսել են օրենսդրական նոր նախաձեռնությունից, որն առնչվում է տաքսի ծառայության ոլորտին:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ կառավարության քայլերն անտրամաբանական և անընդունելի են.
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է տաքսի ծառայություններից հանել դեղին համարանիշը, ամենօրյա տեխզննման պահանջը և վարորդների ամենօրյա բուժզննման պահանջը: ՀՀ առողջապահության նախարարությունը կտրուկ դեմ է վարորդների ամենօրյա բուժզննումը հանելուն, սակայն մենք գտնում ենք, որ բուժզննումը կարելի է իրականացնել ամիսը 2 անգամ: Վարորդների մեծ մասը, հատկապես՝ անհատ տաքսիստները, այսպես, թե այնպես ամենօրյա բուժննում չեն անցնում»,- նկատեց նա:
Ըստ նրա՝ դեղին համարանիշը օգնում է տարբերակել օրինական տաքսին անօրինականից: Իսկ ինչ վերաբերում է դեղին համարանիշերի համար գանձվող 17 հազ. դրամին, ըստ Արմեն Պողոսյանի՝ հարկավոր է նվազեցնել այդ գումարը:
Տաքսիների առատությունը նա բացատրում է Երևանի ավտոտրանսպորտի վատ վիճակով. այսօր Երևանի տրանսպորտի գրեթե իննսուն տոկոսը միկրոավոտբոսներ են, և մարդիկ երթևեկում են «անմարդկային պայմաններում»:
Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ով է վերահսկում, որ տաքսի ծառայությունների վարորդներն աշխատեն 8 ժամից ոչ ավելի, քանի որ իրականում աշխատաժամն անցնում է 12 ժամը՝ երբեմն հասնելով մինչև իսկ 24 ժամի՝ սպառողների միության նախագահն ասաց.
« Նման իրավիճակն անկազմակերպ և վատ հսկողության հետևանք է: Նախ՝ ունենք աշխատանքային ու տրանսպորտային տեսչություններ, որոնց ուղիղ պարտականությունն է ստուգել աշխատանքային պայմանները, օրինականությունը, աշխատանքային պայմանագրի առկայությունը»: Նրա խոսքով՝ մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել:
‘