‘
Քենիայի մայրաքաղաքում Westgate առևտրի կենտրոնը գրաված ահաբեկիչների խմբի կազմի վերաբերյալ հակասական տեղեկություններ են ստացվում: Բրիտանական ԶԼՄ-ները քննարկում են այն լուրերը, թե գրոհայիններին ղեկավարում է Սպիտակ այրի Սամանտա Լյութուեյթը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Սամանտան 2005 թ. Լոնդոնի մետրոյում պայթյուններ իրականացրած մահապարտի այրին է, նա իսլամ է ընդունել և, ըստ տեղեկատվության՝ տեղափոխվել է Արևելյան Աֆրիկա: Հայտնի է, որ 29-ամյա բրիտանուհին արմատական իսլամի հետևորդ է, և բրիտանական հատուկ ծառայություններն առաջին տարին չէ, որ զբաղված են նրան որոնելու գործով:
Ահաբեկիչներն իրենց նպատակները չեն թաքցնում. համացանցում տեղադրվող նրանց հայտարարություններից պարզ է դառնում, որ առևտրի կենտրոնի զավթումը վրիժառության ակցիա է՝ Սոմալիում հակաահաբեկչական արշավին Քենիայի մասնակցության դիմաց: «Քենիացիները կարող էին հանգիստ ապրել, քանի դեռ չէին ներխուժել մեզ մոտ ու չէին սկսել սպանել մուսուլմաններին»,- ասվում է ահաբեկիչների հաղորդագրություններից մեկում: Այդուհանդերձ՝ ահաբեկիչների հիմնական թիրախը առևտրի կենտրոնում եղել են արտասահմանցիները՝ Եվրոպայի, Կանադայի, Հնդկաստանի և Ավստրալիայի քաղաքացիներ, փոխանցում է vesti.ru-ն:
‘