‘
Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն, նախկին մոդել և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի զինակից Հոուփ Հիքսը հրաժարական է տալիս, հաղորդել է աշխատակազմի մամլո ծառայությունը:
Նախկինում 29-ամյա Հիքսը եղել է նախագահի՝ ռազմավարական հաղորդակցության գծով տնօրենը, ինչպես նաև՝ նրա նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը: Համարվում է, որ Հիքսը Թրամփի ամենահուսալի օգնականներից է:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Հոուփ Հիքսը գործընկերներին ասել է, թե ինքը հասկացել է, որ Սպիտակ տանը հասել է այն ամենին, ինչ ցանկացել է:
Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ առայժմ հայտնի չէ, թե Հիքսը երբ է հեռանալու աշխատակազմից: Սանդերսի խոսքով՝ Հիքսի հրաժարականը կապ չունի այն ցուցմունքների հետ, որ նա տվել է ԱՄՆ կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում՝ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ գործի հետաքննության շրջանակներում:
Հոուփ Հիքսը Դոնալդ Թրամփի ընտրությունից ի վեր Սպիտակ տան՝ հաղորդակցության գծով չորրորդ տնօրենն էր: Նրա նախորդը՝ Էնթոնի Սկարամուչչին, այդ պաշտոնում աշխատեց ընդամենը տասն օր:
Փոխանցում է BBC-ն:
‘