‘Սպիտակ տան մամլո ծառայության ղեկավարն ազատվել է աշխատանքից’

1968

Հաղորդակցության գծով Սպիտակ տան տնօրեն Էնթոնի Սկարամուչչին լքել է պաշտոնը՝ այն ընդամենը տասն օր զբաղեցնելուց հետո:

Ըստ նախագահի աշխատակազմի վարկածի՝ նա ինքնակամ է որոշել լքել պաշտոնը՝ կապված ղեկավարության փոփոխության հետ: «Պարոն Սկարամուչչին համարում է, որ լավագույն որոշումը աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելլիին հնարավորություն տալն է՝ աշխատանքն սկսելու մաքուր էջից և ստեղծելու սեփական թիմը: Մենք նրան  հաջողություն ենք մաղթում»,- ասվում է  Սպիտակ տան լակոնիկ հայտարարության մեջ:

Նախկին ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչչին, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմում պաշտոնն ստանձնել էր հուլիսի 21-ին, անմիջապես հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայհոյելով երկու գործընկերների՝ իր ղեկավարին՝ այժմ արդեն աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնս Փրիբուսին, որին նա անվանել էր «պարանոիկ շիզոֆրենիկ» և մեղադրել լրագրողներին տեղեկությունների արտահոսք տրամադրելու մեջ, և նախագահի խորհրդական Սթիվ Բեննոնին: Լրագրողը հրապարակել էր նրա հայհոյանքները:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ Սկարամուչչիի պաշտոնանկության որոշումն ընդունել է գեներալ Ջոն Քելլին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո: Սանդերսն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը նույնպես դժգոհ էր Սկարամուչչիի պահվածքից և նրա զրույցը լրագրողի հետ համարում է «նրա պաշտոնում գտնվող մարդու համար անթույլատրելի»:

Ի դեպ, Թրամփը երկուշաբթի Twitter-ում գրել է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս չկա»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռենատու Սանչեսը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռումինացի երկրպագուները բոյկոտում են Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը’