‘Սպիտակ տունը կքննարկի Թեքսասի և Լուիզիանայի անկախության վերաբերյալ հանրագրերը’

676

Սպիտակ տունը ստիպված կլինի քննարկել Թեքսաս և Լուիզիանա նահանգներն ԱՄՆ կազմից դուրս բերելու վերաբերյալ օնլայն-հանրագիրը: 2011 թ. շրջանառության մեջ դրված We The People ծարագրի շրջանակներում Բարաք Օբամայի նախագահական վարչակազմը պարտավորվել է արձագանքել ցանկացած հասարակական նախաձեռնության, որը երեսուն օրվա ընթացքում կհավաքի 25 հազար ստորագրություն: Տվյալ դեպքում անջատողական երկու հանրագրերն էլ հավաքել են անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:

Լուիզիանայի անկախության վերաբերյալ հանրագիրը Սպիտակ տան կայքում տեղադրվել է նոյեմբերի 7-ին, Թեքսասինը՝ նոյեմբերի 9-ին: Առաջինն արդեն հավաքել է ավելի քան 26 հազար ստորագրություն, երկրորդը՝ 60 հազարից ավելի:

Օբամայի վերընտրությունից հետո նույնպիսի նախաձեռնություններով են հանդես եկել նաև այլ նահանգների բնակիչներ: Դրանցից մի քանիսը, մասնավորապես՝  անկախության վերաբերյալ Ֆլորիդայի, Ալաբամայի և Ջորջիայի հանրագրերը, արդեն ավելի քան 15 հազար ստորագրություն են հավաքել և We The People-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել են  առավել ժողովրդականություն վայելողների քսանյակում: Հանրագրերի հեղինակներն իրենց դժգոհությունն են արտահայտում դաշնային իշխանությունների քաղաքականությունից և խնդրում են իրենց նահանգներին անկախություն տրամադրել:

Թեքսասի անկախության հարցը վերջին անգամ արծարծվել է 2009 թ., երբ նման հնարավորության մասին հայտարարել էր նահանգապետ Ռիք Փերրին: Ի դեպ, այդ ժամանակ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ թեքսասցիների երկու երրորդը տրամադրված էր անկախության դեմ:

Լուսանկարում՝ Թեքսասի դրոշը
Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը` տեսանյութով’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողական թատրոնի նոր խաղաշրջանը կմեկնարկի Չապեկի «Մայրը» ստեղծագործության բեմադրությամբ’