Ամերիկյան ղեկավարությունը անհիմն է անվանել ԶԼՄ-ների այն պնդումները, թե Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բեռնսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումները։
Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Newsweek ամսագիրը՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի փոխքարտուղար Շոն Դավիտտին։ Վերջինս շեշտել է, որ ավելի վաղ շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթում հրապարակված տեղեկությունները «իրականությանը չեն համապատասխանում»։ Իր հերթին՝ ԿՀՎ անանուն ներկայացուցիչը «լրիվ ստահոդ» է անվանել այն տվյալները, թե Բեռնսը, Սպիտակ տան հանձնարարությամբ, իբր, հունվարին այցելել է Մոսկվա՝ խաղաղ կարգավորման առաջարկով։
Ավելի վաղ Neue Zurcher Zeitung-ը տեղեկացրել էր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ ղեկավարին հանձնարարել է պարզել, թե ՌԴ-ն և Ուկրաինան պատրա՞ստ են բանակցելու։ Թերթի վարկածով՝ ԱՄՆ-ը ուկրաինական կողմին առաջարկել է հրաժարվել իր տարածքի 20 %-ից՝ խաղաղության դիմաց, սակայն Կիևին և Մոսկվային, իբր, այդ տարբերակը դուր չի եկել։
Բեռնսը Ուկրաինա է այցելել հունվարի կեսերին։ Ռուսաստան կատարելիք հնարավոր այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել։
Փոխանցում է tass.ru-ն։
